Կարծում էի՝ կմեռնեմ. Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ տղան պատմել է մանրամասները

Երուսաղեմում Յոմ Կիպուրի օրը պղպեղի ցողացիրով հարձակման ենթարկված 9-ամյա հայ քրիստոնյա Վիլյամը պատմել է տեղի ունեցածի մանրամասները, հայտնում է քաղաքի Հայկական թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Լրագրող Յոսի Էլիին տված հարցազրույցում Վիլյամը պատմել է ապրած ցնցման մասին։ «Ես կարծում էի, որ մահանալու եմ»,- ասել է նա։

Ստացած հոգեբանական տրավմայի պատճառով երեխան պաշտպանիչ սաղավարտ է կրում նույնիսկ տանը։

Լսելով, որ տղան անգլերեն է խոսում, երիտասարդներից մեկը նրա դեմքին պղպեղային գազ է ցողել։ Մինչ այդ, ինչպես լսվում է հրապարակված տեսագրությունում, հնչել է «Ոչ մի անգլերեն, հրեանե՛ր» արտահայտությունը։

Ոստիկանությունը սկզբում փակել էր գործը, սակայն լրատվամիջոցների հնչեցրած ահազանգից և հանրային բողոքի ալիքից հետո քննությունը վերաբացվել է, իսկ կասկածյալը՝ ձերբակալվել։

Երուսաղեմի Հին քաղաքում է գտնվում պատմական Հայկական թաղամասը։ Վերջին տարիներին վեճ է շարունակվում թաղամասի տարածքի մի մասի՝ «Կովերի պարտեզի» շուրջ։ Հայ համայնքի ներկայացուցիչները դեմ են այդ տարածքում կառուցապատման նախագծի իրականացմանը։ Նախագիծը կապում են Xana Gardens ընկերության և իսրայելա-ավստրալացի գործարարի հետ։

Թաղամասի տարածքի շուրջ վեճի ֆոնին վերջին տարիներին հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ միջադեպեր էին գրանցվել։ Օգոստոսին 6 իսրայելցի էր ձերբակալվել՝ Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա հարձակումից հետո։ Նույն ամսվա վերջին ևս չորս մարդ էր ձերբակալվել Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու կասկածանքով։ Սեպտեմբերին տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անցորդ աղջիկը ոստիկանների ներկայությամբ թքում վանքի մուտքի ուղղությամբ։

Leave a Comment