ԱՄՆ-ն ու Իրանը միջնորդների հետ առանձին բանակցություններ են անցկացրել – armeniatoday.am

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին առանձին բանակցություններ են անցկացրել միջնորդների հետ՝ յոթ ամիս շարունակվող հակամարտությունը դադարեցնելու նոր փորձի շրջանակում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երկու երկրների պաշտոնյաներին։

Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր հետագա բանակցությունները կկենտրոնանան Իրանի առաջարկած յոթօրյա ծրագրի փոփոխված տարբերակի վրա։ Թեհրանն այն ներկայացրել էր անցած շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը սպասում է հրադադարի վերաբերյալ իր առաջարկներին և Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու պայմաններին Վաշինգտոնի վերջնական պատասխանին։

«Եթե ամերիկացիները պնդում են, որ համաձայնություն կամ խաղաղ լուծում են փնտրում, մենք այդ լուծումը ներկայացրել ենք»,- ասել է Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հաստատել է, որ ամերիկյան կողմը սեպտեմբերի 28-ին առանձին շփումներ է ունեցել միջնորդների հետ, սակայն մանրամասներ չի հայտնել։

Սեպտեմբերի 23-ին Իրանը և ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Կատարի միջնորդությամբ շուրջ երկու ժամ ուղերձներ և պարզաբանումներ էին փոխանակել։ Իրանական կողմը Վաշինգտոնին փոխանցել էր դիվանագիտական գործընթացը վերսկսելու իր պայմանները։

Leave a Comment