«Ռոսատոմ»-ն աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ․ Լիխաչով – armeniatoday.am

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանում աշխատում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

«Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի վրա, հուսով եմ՝ նույնպես կկարողանանք օգնություն ցուցաբերել»,-Լիխաչովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ խոսքը սինթետիկ կաուչուկի արտադրության «Նաիրիտ» գործարանի աշխատանքի էկոլոգիական հետևանքների վերացման նախագծի մասին է։

Լիխաչովն անդրադարձել է նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին։ «Չենք կարող չհիշատակել Հայաստանը, որովհետև մենք երկարաձգում ենք կայանի աշխատանքը։ Այնտեղի ղեկավարությունը կորոշի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին տրամադրել էր $1,5 մլն դրամաշնորհ՝ «Նաիրիտ» գործարանի էկոլոգիական վերականգնման և վերաշխուժացման ծրագիր պատրաստելու համար։

«Նաիրիտ» գործարանը Հայաստանի ամենահին քիմիական ձեռնարկություններից է, հիմնադրվել է 1930-ական թվականներին։ ԽՍՀՄ-ում այն սինթետիկ կաուչուկի արտադրության մենաշնորհ ուներ և զբաղեցնում էր համաշխարհային շուկայի մինչև 12%-ը։ Բնապահպանական շարժման ճնշման ներքո գործարանը փակվել է 1989 թվականին։ Խորհրդային Միության փլուզումից հետո այն փորձել են վերագործարկել, սակայն, կորցնելով իրացման շուկաները, գործարանը հայտնվել է պարտքերի մեջ և 2010 թվականից փաստացի պարապուրդի մեջ է՝ գտնվելով սնանկացման գործընթացում։ Պետությունը և միջազգային կազմակերպությունները քննարկում են նրա տարածքի էկոլոգիական վերականգնման նախագծեր։

Leave a Comment