ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ, Պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լին վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է, որ Հայ առաքելական եկեղեցին «աննախադեպ սպառնալիքի» է ենթարկվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՀՀ կառավարության կողմից։ Նա կոչ է արել վեհաժողովին արձագանքել կատարվողին։
«Այն, ինչ մենք տեսնում ենք, պարզապես քաղաքական տարաձայնություն չէ։ Սա կրոնական ինքնավարության վրա հաշվարկված հարձակում է»,- հայտարարել է Լեյը։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարում հոգևորականները ենթարկվել են ձերբակալությունների և կալանավորումների, եկեղեցու աշխատակիցները՝ ճնշումների, իսկ հոգևորականների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ։ Լին հայտարարել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ճնշումների մասին։
Բրիտանացի պատվիրակն առանձին անդրադարձել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջին անգամ իր նախընտրական ծրագրում ներառել է եկեղեցու ներքին կառուցվածքին վերաբերող դրույթներ։
Լին նաև պնդել է, որ ընտրություններից հետո իշխանությունները հրապարակել են եկեղեցու կանոնական կառուցվածքի վերաբերյալ զեկույց և խոսել խորհրդարանական քննության մասին, որը, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել եկեղեցական կանոնադրություններին պետության միջամտությանը։
«Պետական մեխանիզմների օգտագործումը հնագույն եկեղեցական օրենքները փոխելու համար մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարել է նա։
Ավարտին Լին ընդգծել է, որ Հայաստանի ներքաղաքական պայքարում որևէ կողմից հանդես չի գալիս, և կոչ է արել վեհաժողովին «պաշտպանել կրոնական ազատությունը» և ուշադրություն դարձնել ՀՀ կառավարության գործողություններին։
Նրա ելույթը նիստի մասնակիցներն ընդունել են ծափահարություններով։
Լիի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նրան անվանել է Հայ առաքելական եկեղեցու հարցերում «բավարար տեղեկացված անձ» և մեղադրանքներ հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրա եղբոր հասցեին։ Ելույթի այս հատվածում նիստը նախագահողը խնդրել է պատգամավորին վերադառնալ քննարկման թեմային, սակայն այնուհետև նրան հնարավորություն է տրվել ավարտել ելույթը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ Բաքուն համակարգված առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դեռ մայիսին Armenia Today-ի հարցին ի պատասխան հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է «Արևմտյան Ադրբեջանի» Երևանի թատրոնը, որը ֆինանսավորում է երկրի Մշակույթի նախարարությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձգտում է մշակութային հիմնավորումներ ստեղծել Հայաստանում իր հավակնությունների համար։
