Tumo-ն ավելի քան $17 մլն է ներգրավել ՀՀ-ում ծրագրի զարգացման համար – armeniatoday.am

Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Լոս Անջելեսում անցկացված հոբելյանական գալա-երեկոյի ընթացքում ավելի քան $17 մլն է հավաքել։ Միջոցները կուղղվեն Հայաստանում ծրագրի հետագա ընդլայնմանը, հայտնում է The Armenian Report-ը։

Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 20-ին՝ Vibiana համալիրում, և նվիրված էր Tumo-ի 15-ամյակին։ Երեկոյին մասնակցել են տեխնոլոգիական և ժամանցային ոլորտների, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ։ Երաժշտական հյուրն էր System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Գալա-երեկոյի ընթացքում մեծարվել են ServiceTitan-ի համահիմնադիրներ Վահե Կուզոյանն ու Արա Մահդեսյանը, ինչպես նաև NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, որը մասնակցել է Հայաստանում Firebird բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության կլաստերի գործարկմանը։

Երեկոյի շրջանակում անցկացվել է նաև բարեգործական աճուրդ՝ Արման Ծառուկյանի, Անդրե Աղասիի և Լևոն Արոնյանի մասնակցությամբ։

Հյուրերին ներկայացվել է նաև հայկական մշակութային ժառանգության թվային պահպանմանը նվիրված People of Ar ինստալյացիան։ Այն ներառել է Tumo-ի սաների աշխատանքները և 3D սկանավորման ծրագրի նյութերը, որի շրջանակում թվային եղանակով փաստագրվում են պատերազմներից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական վանքերն ու մշակութային հուշարձանները։

Tumo-ի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը հայտարարել է, որ ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում երիտասարդներին տեխնոլոգիական և այլ մրցունակ ոլորտներում աշխատանքի նախապատրաստելով։ Նրա խոսքով՝ կարևոր արդյունքներից մեկն այն է, որ սաները բացահայտում են սեփական կարողություններն ու հնարավորությունները։

Հայաստանում Tumo-ն շարունակում է ընդլայնել կրթական ենթակառուցվածքները։ 2026 թվականի փետրվարին Երևանում մեկնարկել է EU Tumo ինժեներական և կիրառական գիտությունների կոնվերգենցիայի կենտրոնի շինարարությունը։ Ծրագրի արժեքը €42,5 մլն է, որից €12,5 մլն-ը տրամադրել է Եվրոպական միությունը։

Համալիրը նախատեսվում է որպես կրթական, ինժեներական և հետազոտական ծրագրերի, լաբորատորիաների ու տեխնոլոգիական հարթակների միասնական կենտրոն։

Leave a Comment