Հայազգի դիրիժոր Կարեն Հակոբյանի ղեկավարած Pegasus: The Orchestra-ն Նյու Յորքում From Within: Strings & Voices համերգով բացել է իր 10-րդ համերգաշրջանը։ Համերգն անցկացվել է սեպտեմբերի 26-ին DiMenna Center for Classical Music-ում, տեղեկանում ենք նվագախմբի պաշտոնական կայքից։
Ծրագրում ընդգրկվել են Բախի, Հայդնի, Ազարաշվիլիի և Բրիտենի ստեղծագործությունները։ Մենակատարներն էին կոնցերտմայստեր Ռուջերո Ալիֆրանչինին, առաջին հոբոյահար Նոա Քեյը և առաջին թավջութակահար Արի Էվանը։
Համերգի առաջին հատվածում Հակոբյանը ղեկավարել է նվագախումբը՝ նվագելով կլավեսին, իսկ ընդմիջումից հետո հանդես է եկել որպես դիրիժոր։ Համերգն անցկացվել է DiMenna Center for Classical Music-ի Mary Flagler Cary Hall համերգասրահում։
Pegasus: The Orchestra-ն Կարեն Հակոբյանը հիմնադրել է 2017 թվականին։ Նյու Յորքում գործող նվագախումբը դասական երկացանկը համադրում է ժամանակակից երաժշտական ծրագրերի հետ։
