Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։

Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի վերանայման մասին։

Ավելին՝ նույնիսկ Թաթա Սիմոնյանն է իր համերգի հեռարձակումը պատերազմի տարելիցի օրը անվանել «արդարացում չունեցող կոպիտ սխալ» և նշել, որ նյութը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։

Բայց Հանրայինի խնդիրը միայն սխալ օրը սխալ համերգ դնե՞լն է, թե՞ գործ ունենք ավելի խոր արժեքային խնդրի և հանրային հիշողության հետևողական թմրեցման հետ։

Ավելի շատ հարցեր են առաջանում, որոնց Հ1-ը պարտավոր է հստակ պատասխանել․


Ի՞նչ է նշանակում՝ «ամբողջությամբ ընդունում ենք պատասխանատվությունը»։ Պատասխանատվությունը հայտարարություն չէ։ Ո՞վ է որոշել սեպտեմբերի 27-ին այդ համերգը հեռարձակել։ Ո՞վ է հաստատել եթերացանցը։ Ո՞վ է պատասխանատու եղել վերջնական որոշման համար։ Եվ ի՞նչ պատասխանատվություն է նա կրել։ Եթե ոչ ոք որևէ հետևանք չի կրում, ապա ո՞րն է «ամբողջությամբ ընդունված պատասխանատվությունը»։

Իսկ նույն օրը հակաեկեղեցական «զեկույցի» այսպես կոչված քննարկման համար Հովհաննավանքը բռնազավթած ու պղծած կարգալույծ սրբապիղծ Ստեփան Ասատրյանին եթեր կանչելու համար ո՞վ է ազգից խնդրելու ներողություն:

Իսկ սեպտեմբերի 27-ին՝ հազարավոր հայորդիների նահատակության տարելիցին, Հանրայինի եթերը նրանց հիշատակին, կյանքին ու սխրանքին, պատերազմի ազգային ու հոգևոր դասերին նվիրելու փոխարեն ժամանցով լցնելու համար ո՞վ է պատասխան տալու ու ներողություն խնդրելու։ Մի՞թե այդ օրը Հանրայինի առաջնահերթությունը չպետք է լինեին մեր նահատակները, նրանց ընտանիքները, հայրենասիրական ու հոգևոր բովանդակությունը և պատերազմի չսերտած դասերը։

Ո՞վ է պատասխան տալու այն խմբագրական քաղաքականության համար, որի հետևանքով ամբողջ հանրությանը պատկանող և հանրային միջոցներով գործող եթերը տարիներ շարունակ ոչ թե ծառայում է մեր ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը, այլ նպաստում դրանց արժեզրկմանը։ Ներողությունը մեկ օրվա սխալի համար անհրաժեշտ է, բայց բավարար չէ, եթե չի վերանայվում այն արժեքային ու խմբագրական քաղաքականությունը, որը նման սխալներ է ծնում։

Այսպիսով․ Խնդիրը մեկ համերգը չէ։ Խնդիրն այն արժեքային չափանիշն է, որով որոշվում է՝ ինչ մտցնել հայ ընտանիքի տուն, ում դարձնել հեղինակավոր խոսող, ում գաղափարները բազմապատկել, ինչ սովորեցնել երիտասարդին, ինչ հիշեցնել ժողովրդին և ինչ մոռացության մատնել։

Leave a Comment