ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ է արել նվազեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ինտենսիվությունը։
Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
-Նրա այս կոչը որքանո՞վ Զելենսկին կիրագործի, և նվազեցումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պատերազմի ընթացքի վրա։
-Նման կոչ որոշ ժամանակ առաջ ևս եղավ։ Բայց տեսանք, որ այդ կոչը սկզբունքորեն որևէ ազդեցություն չունեցավ, և պարզ է, որ Թրամփի հայտարարությունները հիմնականում ուղղված են ինֆորմացիոն միջավայրը կառավարելուն։ Որովհետև քաղաքական առումով, ես կարծում եմ, Ուկրաինայի շուրջ իրավիճակը զարգանում է բոլորովին այլ տրամաբանությամբ, քան այս հրապարակային կոչերը կամ հայտարարությունները, թե դիմել են Զելենսկուն այս կամ այն բանի համար։ Նախ պետք է հասկանալ, որ, մեծ հաշվով, այնտեղ սուբյեկտը Զելենսկին չէ, քանի որ Զելենսկին փորձում է ընդամենը իր իշխանությունը պահել և այդ հարցում օգտագործել Թրամփի ու եվրոպական էլիտաների միջև անհամաձայնությունները։ Եվ, մեծ հաշվով, այստեղ եթե Թրամփը կարողանա հարցերը լուծել այդ եվրոպական էլիտաների մակարդակով, եթե ուզում է իսկապես, ենթադրենք, դադարեցնել հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին, ապա այդ պարագայում Զելենսկին որևէ կերպ չի ընդդիմանա կամ կասկածի տակ չի դնի Թրամփի որևէ հորդոր։ Հետևաբար, այստեղ խնդիրն այն է, թե այդ քաղաքական մակարդակում ինչ պայմանավորվածություններ են լինում կամ չեն լինում, և ինչու չեն լինում այդ պայմանավորվածությունները։
-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է հակամարտության կարգավորման՝ Իրանի առաջարկած ծրագիրը։ Թեհրանն առաջարկում էր յոթ օրվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը, սակայն Վաշինգտոնը չի համաձայնել գործարքի պայմաններին։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԱՄՆ-ն մերժել։
-Դարձյալ, այդ մերժել-չմերժելու մասին հայտարարությունները, կարծում եմ, այս ամիսներին էլ մենք տեսել ենք, որ դրանք էլի ինֆորմացիոն միջավայրը կառավարելուն միտված ինչ-որ բաներ են։ Հաշվի առնենք, որ Թրամփն իր առջև ունի բավականին էական մարտահրավեր՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, և այնտեղ նա, իհարկե, պետք է ինչ-որ տրամադրություններ ստեղծի ընտրողների շրջանում։ Բայց մենք նաև այս ամիսներին տեսել ենք, որ Թրամփը մի քանի անգամ «ոչնչացրել է» Իրանը, հետո բանակցել է Իրանի հետ։ Խոսել է, որ ինքը կոչնչացնի, եթե Իրանը չհամաձայնի իր պայմաններին։ Այս պարագայում ես չեմ կարծում, թե արդյունավետ կլինի այդպես դիտարկել Թրամփի՝ այդ թեմայով շարունակվող նույնաբովանդակ հայտարարությունները։ Մեկ մերժում է, ոչնչացնում է Իրանը, Հորմուզի նեղուցն է բացում, անվանակոչում է այն իր անունով, բայց մենք տեսնում ենք, որ գետնի վրա իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ն հայտնվել է բավականին բարդ խնդիրների առաջ՝ թե՛ Իրանի հարցում և թե՛ ընդհանրապես, կարծես թե, մերձավորարևելյան գոտում։ Եվ այստեղ ես չեմ բացառում, որ, չնայած հրապարակային հայտարարություններին, այնուամենայնիվ, կան իրանա-ամերիկյան շփումներ։ Թրամփն իր հարցերը լուծում է այդ հայտարարություններով, բայց քաղաքական հետնաբեմում կան իրանա-ամերիկյան շփումներ, որոնք միանշանակ հարթ չեն լինի։ Բավականին բարդ են, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ հենց այդ տողատակում՝ հետնաբեմում են ծավալվում բուն իրադարձությունները, բուն իրավիճակը։
-Ինչպես գիտենք, հաջորդ շաբաթ սպասվում է Իրանի հետ բանակցությունների հերթական փուլը։ Ի՞նչ կարող ենք սպասել։
-Ես չեմ կարծում, որ այդ բանակցությունների հերթական փուլն ինչ-որ սկզբունքային բան է փոխելու իրավիճակի հարցում։ Որովհետև կա մի առանցքային մեկնակետ․ որևէ մեկը, ով բանակցում է Թրամփի հետ, թերևս դիտարկելու է, թե ինչ է լինելու նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքը։ Եվ մինչև այդ ընտրությունները չեմ կարծում, թե որևէ այսպես սկզբունքային պայմանավորվածություն կարող է լինել Իրանի և ԱՄՆ վարչակազմի միջև, եթե իրանցիները չգիտեն՝ ի վերջո Թրամփը մնալու է, թե ոչ, ինչպես է մնալու, կամ եթե պարտվում է՝ ինչ աստիճանի պարտություն է լինելու։ Ես չեմ կարծում, թե իրենք գնան Թրամփի հետ այնպիսի մի համաձայնության, որը երաշխավորված չի լինի առնվազն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։ Իրանը, իհարկե, հենց նաև հաշվի առնելով այն, որ Թրամփի առջև կա այդ բարդ մարտահրավերը, անշուշտ, փորձում է սա իր համար դիտարկել որպես թեկուզ փոքր, բայց որոշակի առավելություն։
Լիլիթ Աբրահամյան
