Մրգերում թունանյութի մնացորդներ են հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ն ստուգումներ կսկսի

Երևանի Սարյան 33/4 հասցեում գործող խանութից վերցված մրգերի լաբորատոր փորձաքննությունը հաստատել է թունանյութի մնացորդների առկայությունը, հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։ Դրանից հետո կառույցը որոշել է ստուգումներ սկսել պտուղ-բանջարեղենի այլ վաճառակետերում։

Ստուգման համար հիմք էր դարձել սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես է խանութի աշխատակիցը մրգերի վրա «Դիխլոֆոս» տեսակի միջատասպան նյութ փչում։

Ահազանգից հետո ՍԱՏՄ-ն ստուգում և նմուշառում է իրականացրել։ Փորձաքննության արդյունքներով՝ մրգերում հայտնաբերվել են թունանյութի մնացորդներ։

Դեպքից հետո ՍԱՏՄ-ն նախատեսում է պտուղ-բանջարեղենի վաճառակետերում ստուգել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։

Տեսչական մարմինը քաղաքացիներին հորդորել է նման խախտումներ նկատելու դեպքում զանգահարել 118 թեժ գծին։

Leave a Comment