Բաքուն դատավարություններով հիմք է ստեղծում ՀՀ-ի դեմ գործընթացների համար․ Սիմոնյան

Երևանում փորձագետները քննարկել են Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի ուղիները, ընթացող դատավարությունների հնարավոր հետևանքները և գերիների հարցը խաղաղության գործընթացում։ Ուղիղի հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-յան ալիքում։

Նրանց խոսքով՝ Երևանը լիարժեք չի օգտագործում միջազգային իրավական և դիվանագիտական մեխանիզմները՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձին հասնելու և սեփական շահերը պաշտպանելու համար։

Բաքվի դատավարությունները կարող են հիմք ստեղծել Հայաստանի դեմ գործընթացների համար. Տարոն Սիմոնյան․

Միջազգային իրավունքի մասնագետ, «ELL PARTNERSHIP»-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ Ադրբեջանում Արցախի նախկին ղեկավարների և մյուս հայերի դեմ ընթացող դատավարությունները կարող են հիմք ստեղծել հետագայում Հայաստանի դեմ իրավական գործընթացների համար։

Մեղադրանքի հիմքում, ըստ նրա, դրված է այն թեզը, թե Արցախի Հանրապետությունը «ահաբեկչական կազմակերպություն» է եղել, որը ֆինանսավորվել է Հայաստանի կողմից։

«Ովքեր այս կամ այն չափով մասնակցել են Արցախի Հանրապետության կառավարմանը, անգամ՝ ընտրություններին մասնակցելու միջոցով, ըստ ադրբեջանական պրոպագանդայի և դատարանի այդ որոշման՝ փաստորեն դառնում են «ահաբեկչական կազմակերպության» մասնակիցներ և, հետևաբար, քրեական հետապնդման ենթակա են», — ասել է Սիմոնյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ այդ տրամաբանությունը հետագայում կարող է օգտագործվել Հայաստանի դեմ՝ պնդելու համար, թե Երևանը կազմակերպել կամ խթանել է Ադրբեջանի դեմ ուղղված գործողություններ, իսկ Արցախն օգտագործել է որպես գործիք։

Սիմոնյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կարող է և պարտավոր է մասնակցել Ադրբեջանում պահվող իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործընթացին։

«Դա նրա սահմանադրական պարտականությունն է՝ սեփական քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։ Չիրականացնելը արդեն իսկ պետության սահմանադրական պարտավորության խախտում է իր քաղաքացիների նկատմամբ»,- շեշտել է նա։

Ըստ փորձագետի՝ Հայաստանն ունի միջազգային իրավական մի շարք գործիքներ, որոնք կարող է օգտագործել Ադրբեջանի նկատմամբ, այդ թվում՝ պատանդառության և խոշտանգումների դեմ կոնվենցիաների շրջանակում։

Սիմոնյանի համոզմամբ՝ նման իրավական մեխանիզմների կիրառումը չի հակասում խաղաղության գործընթացին։

«Բոլոր միջազգային գործիքակազմերը, որ մենք առաջարկում ենք, հենց վեճերի լուծման խաղաղ գործիքակազմեր են», — ասել է նա։

Նա «քաղաքական անչափահասության դրսևորում» է անվանել այն մոտեցումը, երբ պետությունն իրենից կախված ամեն ինչ չի անում սեփական շահերը պաշտպանելու համար և հույսը դնում է այլ պետությունների արդարության կամ բարի կամքի վրա։

Խաղաղության գործընթացում պատանդներ պահելու նման օրինակ չեմ տեսել․ Հրայր Բալյան

Հակամարտությունների կարգավորման և խաղաղաշինության մասնագետ Հրայր Բալյանը հայտարարել է, որ իր 30–35 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում չի հանդիպել դեպքի, երբ երկու պետություններ առաջ գնան խաղաղության գործընթացում, նույնիսկ համաձայնագիր նախաստորագրեն, սակայն կողմերից մեկը շարունակի պահել մյուս երկրի քաղաքացիներին։

«Ուրիշ տեղ չեմ տեսել օրինակ, որ երկու երկրներ խաղաղության գործընթացի մեջ մտնեն, առաջ գնան, նույնիսկ համաձայնագիր նախաստորագրեն, Ալիևը հայտարարի, որ դե ֆակտո խաղաղություն ունենք, և միևնույն ժամանակ մի երկիրը մյուսի 19 պատանդներին պահի», — ասել է Բալյանը։

Փորձագետի կարծիքով՝ նման պայմաններում անգամ խաղաղության համաձայնագրի ստորագրումը կարող է բերել միայն «սառը խաղաղության»։

Բալյանի խոսքով՝ այդպիսի խաղաղությունը կարող է ձևականորեն ամրագրված լինել համաձայնագրով, բայց մնալ փխրուն և ժամանակավոր, իսկ ամենափոքր պատրվակը կարող է կրկին սրել հակամարտությունը։

Գերիների վերադարձը պետք է լինի պահան և ոչ թե «ակնկալիք»․ Աննա Մելիքյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող, իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի հետևողական և պահանջատիրական ձևով բարձրացնի Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցը։

Փորձագետի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունների խոսույթը մեղմացել է, և գերիների վերադարձը հաճախ ներկայացվում է ոչ թե որպես պահանջ, այլ որպես ակնկալիք։

«Օր ընդունելի չէ․ օր առաջ այդ մարդիկ պետք է վերադարձվեն», — ասել է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միջազգային հարթակներում այնտեղ պահվող հայերին ներկայացնում է որպես պատերազմական հանցագործների, մինչդեռ հայկական կողմը պետք է հետևողականորեն ցույց տա, որ նրանց նկատմամբ արդար դատաքննություն չի իրականացվել և մեղադրանքները պատշաճ կերպով անհատականացված չեն։

Ըստ Մելիքյանի՝ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում հայկական կողմին ավելի հաճախ հարցեր են ուղղվում ճանապարհների, միջանցքների և հաղորդակցությունների բացման մասին, իսկ գերիների և այլ մարդասիրական խնդիրների թեման ավելի քիչ է հնչում։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է պահվել 19 հայ գերի։ Նրանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, որոնց Բաքվի դատարանը դատապարտել է 20 տարվա  կամ ցմահ ազատազրկման։

Կարդացեք նաև՝ 

Հայ գերիները մեկուսացված են և պատշաճ բուժօգնություն չեն ստանում․ Սահակյան

Leave a Comment