Երևանի Սարյան 33/4 հասցեում գործող խանութից վերցված մրգերի լաբորատոր փորձաքննությամբ միջատասպան նյութի մնացորդներ են հայտնաբերվել։
Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութում քաղաքացին արձանագրել է, թե ինչպես է Երևանի Սարյան 33/4 հասցեում գործող պտուղ-բանջարեղենի խանութի աշխատակիցը վաճառվող մրգերի վրա «Դիխլոֆոս» տեսակի միջատասպան նյութ փչում:
Տեսանյութի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել, որոնց ընթացքում խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել։
Լաբորատոր փորձաքննության արձանագրության համաձայն՝ նմուշառված մրգերում միջատասպան նյութի մնացորդներ են հայտնաբերվել։
Հանրային առողջության պահպանումը կարևորելով՝ Տեսչական մարմինը պտուղ-բանջարեղենի վաճառակետերում լայնածավալ վերահսկողություն է իրականացնելու՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։
Վաճառքի ներկայացված պտուղ-բանջարեղենից նմուշներ են վերցվելու և ուղարկվելու լաբորատոր փորձաքննության։ Մնացորդային նյութերի ուսումնասիրությամբ նախատեսվում է պարզել՝ արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքեր այլ վաճառակետերում ևս կրկնվում են։
«Միևնույն ժամանակ, հորդորում ենք քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում։