Թատրոնն այնտեղ է, որտեղ կա հանդիսատես․ մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնը. «Վերնատուն»

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում 24-րդ անգամ կմեկնարկի «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնը։ Տարիներ շարունակ թատերական արվեստները միավորող այս իրադարձությունն այս տարի նույնպես կանցկացվի «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրի ներքո։ Թե ինչ նոր հորիզոններ կբացահայտի այս տարվա ծրագիրը և ինչպիսի անակնկալներ են սպասվում հանդիսատեսին, զրուցել ենք «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի հետ։

«Մենք միշտ ձգտում ենք, որ փոփոխություններ լինեն, և այն պայմանական «տունը», որը կառուցում ենք, յուրաքանչյուր տարի ավելանա մի նոր դետալով՝ այստեղ մի պատշգամբ է ավելանում, այնտեղ՝ մեկ այլ մաս։ Փորձում ենք ամեն բան անել առավելագույնս էֆեկտիվ և միշտ նորություն բերել։ Դա անսահման է, ինչպես անսահման է թատրոնը և այն ամենը, ինչ կարող ենք հորինել»,— նշում է Արթուր Ղուկասյանը։

«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն առաջինն էր, որ թատրոն բերեց նորարարություններ և ժանրեր, որոնք մարդիկ սկզբում չէին հասկանում՝ ցույց տալով, որ թատրոնը չի սահմանափակվում միայն շենքով, այլ գտնվում է այնտեղ, որտեղ կա հանդիսատես։ Այդ բեմը կարող է լինել փողոցը, լողավազանը, մետրոն, պատը, իսկ ներկայացումը կարող է ծավալվել դաշտում, օդում կամ այլուր։ Որքան ավելի որակյալ արվեստ ներկայացվի, այնքան ավելի հնարավոր կլինի աջակցել տեղացի արվեստագետներին՝ իրենց գործերում նոր մոտեցումներ որդեգրելու հարցում, – մեկնաբանում է Արթուր Ղուկասյանը։

Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 երկրներ․ Չինաստանը, Իտալիան, ԱՄՆ-ն, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, ՌԴ-ն, Նիդերլանդները և այլ երկրներ: Փառատոնը կմեկնարկի իտալական «Լուկա Պիալլինի» ընկերության «Տիեզերական ճամփորդություն» բացօթյա օդային ներկայացմամբ։

Բացի այդ, տարածաշրջանում առաջին անգամ կմեկնարկի HIGH FEST Performing Arts Market-ը՝ կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակներում կհյուրընկալվեն մինչև 30 արտասահմանյան փորձագետներ, միջազգային փառատոների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Եռօրյա ծրագրին կմասնակցեն նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն կունենան իրենց նախագծերը ներկայացնելու միջազգային մասնագետներին։

«Հայաստանն այսօր մրցունակ է փոքր և միջին ֆորմատի ներկայացումների մեջ։ Ես դիտել եմ հայաստանյան բոլոր հնարավոր ներկայացումները թե՛ Երևանում, թե՛ Երևանից դուրս։ Իմ երազանքն է արտասահմանյան և հայկական ներկայացումներից ընտրել լավագույն մի ծրագիր, որտեղ կհաղթի հայկականը։ Որ մի օր այդքան հզոր լինեն մեր թատրոնները։ Մի օր կլինի»,— ավելացնում է Արթուր Ղուկասյանը։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Leave a Comment