Հայ գերիների նկատմամբ Ադրբեջանի բոլոր գործողություններն ապացույց են այն բանի, որ Բաքուն վրեժ է լուծում։ «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց խաղաղաշինության և հակամարտությունների կարգավորման մասնագետ Հրայր Պալյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը վրեժ է լուծում 90-ականների սկզբի պարտության համար և պատանդներ պահելով՝ փորձում է նվաստացնել Հայաստանին։
Փորձագետի խոսքով՝ ինքը ավելի քան երեք տասնամյակ աշխատել է աշխարհի տարբեր թեժ կետերում, սակայն երբեք չի տեսել մի իրավիճակ, երբ երկրները խաղաղության բանակցություններ վարեն, համաձայնագիր նախաստորագրեն, սակայն միաժամանակ պատանդներ պահեն։
«Քանի դեռ սա շարունակվում է, կողմերն ինչի շուրջ էլ համաձայնեն կամ նույնիսկ փաստաթուղթ ստորագրեն, կարելի է խոսել լոկ «սառը խաղաղության» մասին՝ խաղաղություն ձևի համար։ Հակամարտությունների տեսության մեջ սա ենթադրում է ձևական համաձայնագիր, որը, սակայն, չափազանց փխրուն է ու ժամանակավոր, և ամենափոքր առիթը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը»,- ասաց բանախոսը։
Բանախոսի համոզմամբ՝ երևանցիները կարող են դա անել գոնե առաջիկա COP17 համաժողովի ընթացքում. օրինակ՝ դուրս գալ փողոց, աղմկել, կաթսաներով ակցիաներ անել՝ միջազգային պատվիրակների ուշադրությունը գրավել։
Հրայր Պալյանը միաժամանակ հիշեցրեց՝ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին 17 կետից բաղկացած համաձայնագիր, որտեղ, սակայն, հայ գերիների մասին որևէ խոսք չկա, փոխարենը հիշատակված է միջազգային հայցերից հրաժարվելու մասին։
«Ինչո՞ւ չկա կետ 19 գերիների նկատմամբ մեղադրանքը դադարեցնելու մասին։ Դա ոչ միայն պետության պարտավորությունն է՝ ապահովել անապայման ազատ արձակումը, այլև մեր համընդհանուր պարտքն է՝ Հայաստանում և սփյուռքում։ Մենք բոլորս մեղսակից ենք նրան, որ բավարար քայլեր չեն արվել նրանց ազատելու համար»,- ասաց Պալյանը։