Բաքուն նպատակ ունի պնդելու, որ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես ահաբեկչական գործիք. Տարոն Սիմոնյան

Ադրբեջանը հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերը նպատակ են հետապնդում հիմք նախապատրաստել հետագայում ՀՀ դեմ իրավական գործընթացներ սկսելու համար։ «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, «ELL PARTNERSHIP»-ի հիմնադիր-գործընկեր Տարոն Սիմոնյանը։

Նա հիշեցրեց՝ կոնկրետ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված «գործը» բաղկացած է ավելի քան 3300 էջից։

Ըստ բանախոսի՝ թեև դատավարությունները ձևականորեն ընթանում են առանձին անձանց դեմ՝ իրականում դրանցով հիմք է նախապատրաստվում հետագայում Հայաստանի դեմ իրավական գրոհ սկսելու համար։ Մասնավորապես, ամբողջ մեղադրանքը հենված է այն թեզի վրա, ովքեր այս կամ այն չափով մասնակից են եղել ԱՀ կառավարմանը, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի՝ ահաբեկիչներ են։

 Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի հսկայածավալ դատավճռիմի քանի հարյուր էջ վերաբերում է 1988-1990-ականների վերջի գործողություններին, որոնք ներկայացված են որպես մեկ միասնական հանցավոր խմբավորման գործողություններ։

Ակնհայտ է, որ սրանով փորձ է արվում ահաբեկչական կազմակերպության անդամ որակել Արցախի կառավարմանը մասնակցած յուրաքանչյուր պաշտոնյայի և անգամ ընտրություններին մասնակցած սովորական քաղաքացիներին։

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ այս ամենն արվում է մեկ նպատակով, որպեսզի Բաքուն հետագայում պնդի, որ Հայաստանն Արցախն օգտագործել է որպես ահաբեկչական գործիք։

Բանախոսը նաև նշեց՝  Ռուբեն Վարդանյանի «գործը» լի է ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական կոպիտ խախտումներով։ Օրինակ՝ նախկինում երբևէ չդատված մարդուն որակել են որպես «ռեցիդիվիստ», կամ մեղադրանքն առաջադրել են մի հոդվածով, իսկ պատիժը նշանակել՝ բոլորովին այլ հոդվածով։

Leave a Comment