Թեև վերջին մեկ տարում Հայաստան է վերադարձել 4 գերի՝ դա ամենևին չի նշանակում, թե ամեն ինչ լավ է. Մելիքյան

Թեև վերջին մեկ տարվա ընթացքում դրական տեղաշարժ է արձանագրվել, և Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 4 գերի, սակայն դա ամենևին չի նշանակում, թե ամեն ինչ լավ է։ «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ, հումանիտար հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։

«Մենք բոլորս տեսել ենք և՛ շինծու դատավարությունները, և՛ դրանց արդյունքը, որոնք անսպասելի չէին. բոլորս գիտենք, որ Ադրբեջանում չկա անկախ դատական համակարգ, առավել ևս՝ հայերի նկատմամբ»,- ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ միջազգային ատյաններում ընկալման և առաջընթացի հետ կապված իրավիճակը նույնպես լավատեսություն չի ներշնչում, և հայ հանրությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա պահանջի ներկայացմանը՝ այդ հարցը չթողնելով բացառապես ընտանիքների վրա։

Հարցին՝ արդյոք հայ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա նախքան խաղաղության հաստատումը, թե կարող է լինել նաև հակառակ հաջորդականությունը, Աննա Մելիքյանը նկատեց՝ քանի որ դա հումանիտար խնդիր է, նախ պետք է կազմակերպվի գերիների վերադարձը․ պատանդների առկայության դեպքում չի կարելի խոսել երկարաժամկետ խաղաղության մասին։

Անդրադառնալով պետության պատասխանատվության և իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների մասին՝ նա իր անհամաձայնությունը հայտնեց այն մտքի առնչությամբ, որ այս հարցում կարելի է իջեցնել նշաձողը և օգտագործել պատմության վատագույն օրինակները՝ սեփական գործողությունները հիմնավորելու համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը միջազգային իրավունքի դրույթները հմտորեն օգտագործում է հօգուտ իրեն, և սա կարող է համոզիչ լինել երրորդ կողմերի համար. պատճառն այն է, որ միջազգային նորմերը պահանջում են դատապարտել ռազմական հանցագործներին, և Ադրբեջանը փորձում է հայ գերիներին ներկայացնել որպես ռազմական հանցագործներ։

«Մենք պետք է ավելի ակտիվորեն ցույց տանք, որ արդար դատաքննություն չի եղել, մեղադրանքներն անհիմն են»,- շեշտեց Աննա Մելիքյանը՝ հավելելով, որ Երևանը բաց է թողել բազմաթիվ հնարավորություններ, մինչդեռ որոշ գերիներ անազատության մեջ են արդեն 6 տարի։

Ըստ բանախոսի՝ հայկական կողմի հռետորաբանությունը զգալի փոփոխվել է. այն է՝ պաշտոնական պատվիրակություններն օր օրի ավելի ու ավելի մեղմ ձևակերպումներ են օգտագործում, պահանջներ չեն ներկայացնում, առավելագույնը խոսում են սպասելիքների մասին։

Այս համատեքստում Աննա Մելիքյանը ընդգծեց Վարշավայում կայանալիք ԵԱՀԿ համաժողովը՝ ենթադրելով, որ այնտեղ ևս հնչելու են մեղմ ձևակերպումներ։

«Վստահ եմ, որ հայկական պատվիրակությունը մեղմ ելույթ է ունենալու և զերծ է մնալու գերիների մասին հիշատակումից, ինչպես նաև նրանից, որ Ադրբեջանում կան ռազմական հանցագործներ, որոնք նկարահանել են իրենց հանցագործությունները»,- ասաց նա՝ միջազգային կազմակերպությունների պասիվությունը պայմանավորելով այն հանգամանքով, որ հայկական կողմն ակտիվություն չի ցուցաբերում։

Leave a Comment