Չնայած Վաշինգտոնի կողմից Թեհրանին տնտեսապես մեկուսացնելու նոր ալիքին և մի շարք երկրներում իրանական ինքնաթիռների սպասարկման արգելքներին, Հայաստանը պահպանում է ավիահաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, տեղեկացնում է brecorder-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարության համաձայն՝ Նահանգները լայնամասշտաբ արշավ է սկսել՝ պահանջելով աշխարհի պետություններից սահմանափակել իրանական ավիաընկերությունների չվերթներն ու բանկային գործարքները։ Արդյունքում, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ադրբեջանը, Վրաստանը, Իրաքն ու Օմանը չեղարկել են իրանական ավիափոխադրողների թռիչքների թույլտվությունները, իսկ Թուրքիան սահմանափակել է Mahan Air ընկերության մուտքը։
Այդուհանդերձ, ըստ իրանական լրատվականների՝ Հայաստանը այն սակավաթիվ երկրներից է (Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Պակիստանի շարքում), որտեղ դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ կանոնավոր չվերթները շարունակում են իրականացվել անխափան։
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Իրանի ավիացիոն ոլորտին աջակցող ընկերությունների դեմ։ Օգոստոսին Վաշինգտոնն սկսել էր «Տնտեսական վտարանդի» (Economic Outcast) գործողությունը, որի նպատակն Իրանի ֆինանսական մեկուսացման ուժեղացումն է։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշման արշավին ԵՄ-ի աջակցության մասին։
