Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, հեռարձակել է Թաթա Սիմոնյանի մասնակցությամբ «Ֆեստիվառ» համերգը, ինչը քննադատության ալիք է առաջացրել քաղաքացիների, զոհված զինծառայողների հարազատների, քաղաքական գործիչների, հասարակական և մեդիա ոլորտի ներկայացուցիչների շրջանում։
Հանրայինի եթերացանկի համաձայն՝ համերգը հեռարձակվել է ժամը 17:20-ից մինչև 19:10-ը։
Քննադատությանն արձագանքել է նաև Սիմոնյանը՝ հայտնելով, որ համերգի հեռարձակումն իր հետ չի համաձայնեցվել։ Երգիչը Հանրայինի որոշումն անվանել է «արդարացում չունեցող կոպիտ սխալ»։
«Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը։ Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու»,- գրել է Սիմոնյանը։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը համերգի ցուցադրման մեջ զոհվածների հիշատակի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է տեսել և հայտարարել, որ իշխանությունների արարքները գնահատական են ստանալու։
«Մեր տղաներն իզուր չեն իրենց կյանքը հայրենիքին տվել։ Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն, ինչպես էսօր արեցին»,- գրել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ավելի վաղ իշխանություններին մեղադրել էր երկիրը «էկոնոմ դասի դիսկոտեկի» վերածելու մեջ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները երկրում տեղի ունեցող իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղում են զվարճանքներով։
Հասարակական գործիչ Նիկողայոս Հովհաննիսյանը ևս քննադատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը՝ հայտարարելով, որ հեռուստաընկերությունը, իր գնահատմամբ, վաղուց չի տարբերվում ադրբեջանական AzTV-ից և քաղաքական հրահանգներ է կատարում։
Նա Հանրայինին մեղադրել է հայերի հիշատակի և հայրենասիրական արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, ինչպես նաև հայտարարել, որ իշխանափոխության դեպքում հեռուստաընկերության աշխատակիցները պետք է պատասխանատվություն կրեն։
«Հայաստանի Հանրապետական կուսակցության» փոխնախագահ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակելը «անբարոյականություն» է անվանել։
«Այսօր սեպտեմբերի 27 է՝ 44-օրյա աղետալի պատերազմի սկսման ամսաթիվը։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, դուք համերգ եք եթեր տալիս»,- գրել է Շարմազանովը։
ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իշխանություններին մեղադրել է պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և հանրային դժգոհությանը «համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով» պատասխանելու մեջ։
«Մի ամբողջ հասարակություն խոսում է ռազմաքաղաքական իշխանության՝ պատերազմի զոհերի հիշատակը մոռացության տալու և անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով, անհոգ ժամանցով, ուրախ-զվարթ լայվերով՝ անընդհատ փորձելով իրենք իրենց գերազանցել»,- գրել է Աբրահամյանը։
Նա նաև հայտարարել է, որ զոհվածների հիշատակի և հայրենիքի պաշտպանների առաքելության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը համարում է երկրի դեմ ուղղված վարքագիծ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի կապակցությամբ առանձին ուղերձ չի հրապարակել։ Առավոտյան նա եկեղեցուց կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնակցում էր պատարագի։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները չէին աջակցել սեպտեմբերի 27-ը բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր հռչակելու նախաձեռնությանը։
Հանրային հեռուստաընկերությունը նյութի հրապարակման պահին տեղի ունեցածի վերաբերյալ հրապարակային պարզաբանում չէր ներկայացրել։
Ավելի ուշ՝ քննադատության ալիքից հետո, Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել «Ֆեստիվառ» համերգի հեռարձակման համար՝ այն սխալ անվանելով և հայտարարել, որ «ամբողջությամբ ընդունում է կատարվածի պատասխանատվությունը»։
Թարմացված է՝ 28.09.2026|11:54:
