Հայաստանը և Իրանը քննարկել են բեռնափոխադրումների խոչընդոտների վերացումը

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև բեռնափոխադրումների խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները, հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Հարցը քննարկել են Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և Իրանի նախագահի տեղակալ, Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Համիդ Փուրմոհամմադին։

Կողմերը քննարկել են նաև միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի անցկացումը։

Հայաստանի և Իրանի մաքսային ծառայությունները սեպտեմբերի 13-ին բեռնատարների տեղաշարժը դյուրացնելու և մաքսային հսկողությունը համակարգելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։

«Կանաչ միջանցք» նախատեսող հուշագիրը նպատակ ունի պարզեցնել երկու երկրների միջև ապրանքների տեղափոխումը և նպաստել առևտրաշրջանառության աճին։

Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 18-րդ նիստը կայացել է Թեհրանում 2024 թվականի փետրվարին։

 

Leave a Comment