Քաղաքապետարանը մերժել է արցախցիների հանրահավաքի դիմումը․ Իսկանդարյան

Երևանի Քաղաքապետարանը մերժել է արցախցիների՝ հանրահավաք անցկացնելու դիմումը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասել է Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Ուղիղ միացումը «Եռաբլուրից»՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

Իսկանդարյանի խոսքով՝ քաղաքապետարանից հիմնավորել են, «որ այս փուլում ակցիաներ անելը նպատակահարմար չեն գտնում»։

Նա նշել է, որ, չնայած մերժմանը, առաջիկայում նախատեսում են նոր քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը։

«Ամեն օր արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակն ավելի ծանր է դառնում։ Միանշանակ պետք է դուրս գանք և պետք է մնանք այնքան ժամանակ, մինչև մեր խնդիրների լուծումն ստանանք»,- նշել է Իսկանդարյանը՝ պատասխանելով հնարավոր ակցիաների մասին հարցին։

Նրա խոսքով՝ այդ հարցով քննարկումներ են անցկացրել Արցախի տարբեր համայնքների ղեկավարների հետ և ընդհանուր առմամբ գիտեն արցախցիների տրամադրությունները։

«Ուղղակի պետք է սպասենք հարմար պահի»,- հավելել է նա։

Իսկանդարյանը նաև պարզաբանել է, որ քաղաքապետարանը մերժումը կապել է նախորդ տարվա՝ մարտի 29-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ արձանագրված խախտումների հետ։

Արցախի պետնախարարը նաև հայտնել է, որ առաջիկա տասը օրվա ընթացքում նախատեսում են ամփոփել Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի պետական ինստիտուտների շարունակականության և համագործակցության վերաբերյալ խորհրդակցությունները, ինչից հետո ինքը որոշում կկայացնի պաշտոնավարումը շարունակելու վերաբերյալ։

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից շատերը քարոզարշավի ընթացքում խոսել են Արցախի հարցի մասին, սակայն Արցախի իշխանությունների՝ քաղաքական խորհրդակցություններ սկսելու հայտարարությունից հետո մինչ այժմ հանդիպումներ են կայացել միայն Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Հայաքվեի» հետ։ Իսկանդարյանը հայտնել է, որ հանդիպում է լինելու նաև «Ուժեղ Հայաստանի» հետ։

«Տասը օրվա ընթացքում մենք այդ հանդիպումները կամփոփենք, որից հետո նաև ինքս եմ որոշում կայացնելու՝ շարունակելո՞ւ եմ Արցախի պետական նախարարի պաշտոնը, թե կթողնեմ»,- ընդգծել է նա։

Իսկանդարյանը վստահեցրել է, որ հնարավոր հրաժարականի դեպքում շարունակելու է գործունեությունը՝ մասնակցելով նախատեսվող գործընթացներին։ Նա նաև հայտարարել է, որ նախորդ տարվա հանրահավաքից հետո իր համար «անձնական բազմաթիվ խնդիրներ են ստեղծել», սակայն դրանք իր հնարավոր հրաժարականի պատճառը չեն։ Նա չի մանրամասնել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը։ 

«Առաջիկայում պետք է բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումը հայտնեն Արցախի պետական ինստիտուտների շարունակության, համագործակցության մասով, որից հետո ես ինքս կներկայացնեմ իմ տեսակետը»,- եզրափակել է Իսկանդարյանը։

Կարդացեք նաև՝ 

ԱԺ-ում քննարկել են արցախցիների սոցիալական, բնակարանային և իրավական խնդիրները

ՔՊ պատգամավորն Արցախի պաշտոնյաների հիշատակումից հետո հեռացել է քննարկումից

Leave a Comment