Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա երեխայի վրա պղպեղային սփրեյով հարձակվելու կասկածով Իսրայելում ձերբակալվել է 22-ամյա տղամարդ, հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան երկրի հյուսիսում, որտեղ գտնվում էր վերջին մի քանի օրը։ Նրան տեղափոխել են Երուսաղեմի ոստիկանական բաժին՝ հարցաքննության։ Քննչական գործողությունների արդյունքներից կախված՝ ոստիկանությունը մտադիր է դատարանից խնդրել երկարաձգել նրա կալանքի ժամկետը։
Ոստիկանությունը հայտարարել է, որ առանձնահատուկ լրջությամբ է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնությանը և հալածանքին, հատկապես երբ դրանք ունեն ազգայնական կամ ռասիստական դրդապատճառներ։
Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ քննությունը սկզբում փակվել էր առանց ձերբակալությունների՝ չնայած տեսախցիկների գրառումների առկայությանը։ Լրատվամիջոցներում հրապարակումներից հետո ոստիկանությունը վերսկսել է քննչական գործողությունները։
Միջադեպը տեղի է ունեցել Յոմ Կիպուրի օրը Մամիլա թաղամասում։ Տղան հեծանիվ էր քշում և ականջակալներով երաժշտություն էր լսում։ Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակվողը պահանջել է հանել ականջակալները, ապա երեխայի դեմքին պղպեղային գազ է ցողել։
