
Եվրոմիությունը պատրաստվում է Ուկրաինային, Մոլդովային, Մոնտենեգրոյին և Ալբանիային՝ ԵՄ-ին անդամակցելու հստակ քայլերի ծրագիր ներկայացնել։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում կատարելով Եվրոհանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ մշակվող «ճանապարհային քարտեզները» կհստակեցնեն, թե ինչ է ակնկալվում յուրաքանչյուր թեկնածու երկրից, ինչպես նաև պարտավորություններ կսահմանեն ԵՄ ներկայիս անդամների համար, որոնք պետք է համաձայնություն տան գործընթացի շարունակմանը։ Նշվում է, որ ԵՄ ներկայիս անդամների աջակցությունը պետք է լինի միաձայն, որպեսզի թեկնածու երկրները կարողանան անցնել անդամակցության գործընթացը։
Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ «ճանապարհային քարտեզներում» կներկայացվի առաջնահերթությունների հստակ ցանկ՝ ժամկետներ և արդյունքներ, որոնք ԵՄ-ին անդամակցելու գործընթացում առաջատար թեկնածուներին կօգնեն ավարտին հասցնել անհրաժեշտ բարեփոխումները։
«Սակայն ԵՄ-ին անդամակցությունը ժամանակ է պահանջում։ Թեկնածու երկրները պետք է իրականացնեն լայնածավալ ու երկարաժամկետ բարեփոխումներ»,- Politico-ն մեջբերում է ընդլայնման նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որին պարբերականը կարողացել է ծանոթանալ։