The Wall Street Journal-ի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից առաջ մի քանի նախազգուշացում է ստացել արաբական երկրներից։
Ըստ պարբերականի՝ հարձակումից մի քանի օր առաջ Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբաս Քամելը անձամբ զանգահարել է Նեթանյահուին և հայտնել Գազայից հնարավոր հարձակման նախանշանների մասին։ Եգիպտոսը նախկինում ևս երկու անգամ նախազգուշացրել էր Իսրայելին՝ հունիսին և սեպտեմբերին։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերին Նեթանյահուն նմանատիպ նախազգուշացում է ստացել նաև ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բեն Զայեդից։ Միաժամանակ, Նեթանյահուն նախկինում հերքել է, որ նման նախազգուշացում է ստացել։
Պարբերականը նաև նշում է, որ հարձակումը կանխելու ձախողումը վերագրվում է ոչ միայն Նեթանյահուին․ իսրայելական հետախուզությունն ու զինված ուժերը ևս ունեցել են սխալներ և չեն գնահատել ՀԱՄԱՍ-ի հնարավորությունների վերաբերյալ առկա տեղեկությունները։
