Կյանքի երկրորդ կեսն ապահով՝ գույքի հաշվին․ «Երկրորդ շնչառություն»

Օրենսդրական նորարարություն՝ միտված կենսաթոշակառուների կյանքի որակի բարելավմանը: 2027 թվականի հունվարի մեկից մեր երկրում ներդրվում է հետադարձ հիփոթեքի ինստիտուտը: «Վարկային պայմանագրի այս տեսակն ու կարգավորումն առաջին հերթին ընդլայնում են կենսաթոշակային տարիքի հասած անձանց իրավունքները»,- կարծում է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ առաջադեմ այս ինստիտուտը գործում է Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում:

Ծրագրից օգտվելու կարևոր պայմաններից է այն, որ դիմող անձն արդեն կենսաթոշակային տարիքի լինի, ունենա սեփականություն: Կարևոր է այն հանգամանքը, որ դիմողն առանց այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, առանց որևէ այլ տեղ տեղափոխվելու, առանց գույքն ուրիշին փոխանցելու կարող է իր կենդանության օրոք դրա դիմաց ստանալ կայուն եկամուտ: Նրա մահից հետո ժառանգները կարող են մարել բանկի հետ ունեցած պարտավորություններն ու ժառանգել գույքը: «Միջազգային պրակտիկայում կա նաև գումարի միանվագ ստացման տարբերակը, բայց մեր երկրում որոշում է կայացվել այդ գումարը բաժանել ամբողջ կյանքի ընթացքում՝ ամիսների կտրվածքով»,- բացատրում է Ն. Ղազարյանը:

Տարեց մարդու մահվանից հետո ժառանգները վեցամսյա ժամկետում կարող են հատուցել բանկին, հանել ծնողի գույքը գրավից ու ստանալ այն: Պետությունը բանկերին ու վարկային կազմակերպություններին պարտավորեցնում է մանրակրկիտ բացատրել տարեց մարդուն այս իրավահարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Leave a Comment