Օրերս Իլհամ Ալիևը Բաքվում կայացած Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումում ունեցած ելույթում կրկին «ձևավորվող Զանգեզուրի միջանցքը» նույնացրեց TRIPP-ի հետ՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի տարածաշրջանային տրանսպորտային դերի ամրապնդման միջոց։
Մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում կրկին շեշտեց TRIPP-ի՝ ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության վրա հիմնված լինելը։
Երևանի ու Բաքվի այս երկու տարբերվող բառապաշարները քաղաքական հայտարարություններում կարող են զուգահեռ գոյություն ունենալ՝ ըստ կողմերի դիվանագիտական ու տեղեկատվական կարիքների։ Բայց որքան մոտենում է ճանապարհի գործարկման պահը, այնքան ակնհայտ է դառնում, որ շարունակվող հակասությունը կարող է բախվել նախագծի կոնկրետ կանոնների ու ընթացակարգերի մշակման գործընթացին՝ այն պարզ պատճառով, որ կողմերը բացարձակապես տարբեր փիլիսոփայությունների վրա են կառուցում TRIPP-ով պայմանավորվող իրենց տարածաշրջանային հավակնությունները։
TRIPP-ը՝ երկու տարածաշրջանային հավակնությունների գործիք
Բաքուն փորձում է իրեն դիրքավորել որպես տարածաշրջանային կոմունիկացիոն-տնտեսական թելադրող կենտրոն․ Ալիևը նույն ֆորումում էլ խոսում է այդ մասին։ Երևանն առաջ է մղում այլ մոդել․ դիրքավորվել որպես տարբեր ուղղությունները միմյանց կապող ինքնիշխան խաչմերուկ։ Մի դեպքում առանցքում կենտրոնի ուժեղացումն է, մյուսում՝ խաչվող ճանապարհների բազմազանեցումն ու սեփական իրավազորության պաշտպանությամբ ու պահպանմամբ իր տարածաշրջանային դերակատարության մեծացումը։
Հենց այստեղ է ի հայտ գալիս կողմերի դիրքավորումների կարևոր անհամաչափությունը։ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս բաց տեքստով հայտարարել է, որ TRIPP-ի ամբողջ հայկական հատվածում պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրն էլ արձանագրում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը նախագծի՝ ՀՀ տարածքում գտնվող բոլոր հատվածների նկատմամբ։
Բաքուն, մինչդեռ, հրապարակայնորեն շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին, բայց Հայաստանի իրավազորության ներքո այդ ճանապարհի գործելու վերաբերյալ հստակ դիրքորոշում չի ներկայացնում։ Ի՞նչ է նշանակում արդեն համաձայնեցված սկզբունքի հրապարակային շեշտադրումից խուսափելը․ սեփական լսարանի համար ընտրված տակտիկա՞, թե՞ հետագա բանակցություններում մանևրի տարածք պահպանելու փորձ, առայժմ հնարավոր չէ հստակ ասել։
Այս ֆոնին ավելի ուշագրավ է Փաշինյանի՝ ՄԱԿ-ում արված շեշտադրումը Հայաստան-ԱՄՆ TRIPP-ի շրջանակային համաձայնագրի և դրա իրականացման վրա։ Այդ փաստաթուղթը ոչ միայն ամրագրում է հայկական իրավազորության սկզբունքը, այլև ԱՄՆ-ին դարձնում է նախագծի անմիջական ինստիտուցիոնալ մասնակից։ Այս համատեքստում Երևանի հաշվարկը կարելի է դիտարկել նաև որպես փորձ՝ TRIPP-ի շուրջ դեռ պահպանվող մեկնաբանական անորոշությունները սահմանափակելու ոչ միայն Բաքվի հետ պայմանավորվածություններով, այլև Վաշինգտոնի ներգրավմամբ։
Երբ բառերը պետք է դառնան սահման, մաքսակետ ու իրավազորություն
Այսինքն՝ ուրվագծվում է, որ որքան նախագիծը մոտենա գործարկմանը, այնքան Երևանը փորձելու է քաղաքականապես ևս ադրբեջանական «անխոչընդոտ հաղորդակցությունը» հարմարեցնել սահմանային, մաքսային և անվտանգության՝ փաստաթղթերի էությունից բխող ընթացակարգերին։ Երևանի համար ԱՄՆ-ի ինստիտուցիոնալ ներգրավումը նաև հնարավորություն է այդ կանոնները հնարավորինս վաղ ամրագրելու՝ սահմանափակելով հետագայում Բաքվի կողմից, իր սովորության համաձայն, դրանց տարբեր իրավաքաղաքական մեկնաբանությունների ենթարկելու, նախագծի գործարկման փուլում այդ կերպ նոր խոչընդոտներ ստեղծելու տարածքը։
Այս հակասությունների հանգուցալուծումը հեռավոր ապագայի խնդիր չէ։ TRIPP-ը քաղաքական մտադրությունից աստիճանաբար տեղափոխվում է գործնական դաշտ։ Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի (DFC) ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ․ քննարկվել են արդեն TRIPP-ի իրականացման աշխատանքները, նախագծի հնարավորություններն ու գնահատվող ներդրումների ծավալները։ Դրան զուգահեռ՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են «TRIPP Development Company»-ի ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի վրա։ Կառավարությունն էլ շուտով ԱԺ-ի վավերացմանը կուղարկի պայմանագիրը, իսկ որպես ԱԺ մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժի ղեկավար՝ վարչապետ Փաշինյանը հենց Վաշինգտոնից է ազդարարում, որ խորհրդարանը կվավերացնի այդ փաստաթուղթը։
Այսինքն՝ հայ-ամերիկյան բանակցություններին զուգահեռ մոտենում է այն փուլը, երբ Երևանի ու Բաքվի տարբեր քաղաքական բառապաշարները պետք է հանդիպեն արդեն ոչ թե հայտարարությունների, այլ ենթակառուցվածքի շահագործման կոնկրետ կանոնների մակարդակում։ Որքան առարկայական է դառնում TRIPP-ը, այնքան պակաս տարածք է մնում «միջանցք», «անխոչընդոտ հաղորդակցություն» և «ինքնիշխան իրավազորություն» հասկացությունների չհստակեցված համակեցության համար։
TRIPP-ի իրական փորձությունը, հետևաբար, սկսվելու է այն ժամանակ, երբ ճանապարհը սկսի գործել։ Այդ պահին է, որ քաղաքական խոսույթը պետք է վերածվի մաքսային կնիքի, սահմանային վերահսկողության և պետական իրավազորության իրականացման։
Հենց այստեղ է նախագծում ԱՄՆ-ի ներգրավվածության իրական քաղաքական կշիռը․ այն կարող է որոշիչ նշանակություն ստանալ ոչ թե ճանապարհի անվան, այլ դրա գործարկման կանոնների ամրագրման առումով։
Գոռ Աբրահամյան
