ՀՀ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ դառնում են գործարքային․ Իսկանդարյան – armeniatoday.am

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Armenia Today-ին տված հարցազրույցում գնահատել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններն ու երկրի եվրոպական ինտեգրման հեռանկարները։ 

Նրա գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն անցնում են «գործարքային մոդելի», իսկ տեսանելի ապագայում Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկար չկա։

Իսկանդարյանը Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ներկայիս վիճակը ճգնաժամային է անվանել։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը մի շարք պահանջներ է ձևակերպել, որոնց մի մասը կարելի է վերջնագրային համարել։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները ճգնաժամի մեջ են։ Ռուսաստանն իսկապես մոտ երկու տասնյակ կետ է ներկայացրել, որոնք կարելի է վերջնագրեր անվանել։ Փաստացի Ռուսաստանում ասում են՝ տղաներ, վերջ, մենք ձեզ հետ այլևս այսպես չենք խոսելու։ Չեն ասում՝ եկեք հիմա ամեն ինչ կարգավորենք, հետո կպարզենք, կաշխատենք, կհաղորդակցվենք և այլն։ Ո՛չ, ասում են՝ արեք այս, այս, այս, հետո կտեսնենք»,- ասել է քաղաքագետը։

Միաժամանակ, նրա գնահատմամբ, հարաբերությունների ամբողջական խզում տեղի չի ունենում։ Մասնավորապես՝ Մոսկվան շարունակում է առաջարկել ռուսական կողմի մասնակցությամբ Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցում։ Իսկանդարյանը հիշեցրել է նաև տրանսպորտային նախագծերին, մասնավորապես՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ Մոսկվայից նախկինում հնչած ակնարկների մասին՝ նշելով, որ վերջին շրջանում նման ազդակներ չեն հնչում։

«Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ ամբողջությամբ խզված չէ։ Բայց իրավիճակը լուրջ է։ Իսկապես լուրջ»,- հայտարարել է նա։

Իսկանդարյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների նախկին մոդելն այլևս չի վերականգնվի, իսկ երկու երկրի փոխգործակցությունն ավելի ու ավելի շատ կկառուցվի փոխադարձ պայմանների սկզբունքով։

«Կարծում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այլևս այնպիսին չեն լինի, ինչպիսին նախկինում էին։ Դրանք այժմ վերածվելու են գործարքային հարաբերությունների՝ դու ինձ, այդ դեպքում՝ ես քեզ։ Իսկ առանց դրա առանձնապես չենք խոսի»,- ասել է քաղաքագետը։

Նա տեղի ունեցողը կապել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության նվազման ավելի լայն գործընթացի հետ, որը, նրա գնահատմամբ, նկատելի է նաև տարածաշրջանի մյուս երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ Մոսկվայի հարաբերություններում։

«Սա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցության նվազման գործընթաց է։ Առնվազն մինչև ուկրաինական պատերազմի ավարտը»,- հայտարարել է Իսկանդարյանը։

Անդրադառնալով եվրոպական ինտեգրմանը՝ քաղաքագետը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկար չի տեսնում։

«Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու որևէ հեռանկար գոյություն չունի։ Ես տարեց մարդ եմ՝ այդ հեռանկարը չեմ կարող տեսնել»,- ասել է նա։

Միաժամանակ Իսկանդարյանը հնարավոր է համարել Հայաստանի և ԵՄ-ի հետագա մերձեցումն առանձին ուղղություններով։ Որպես օրինակ նա նշել է վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։

«Ինչ վերաբերում է մերձեցմանը, փոխգործակցությանը, դիվերսիֆիկացիային, ինչպես ասում են Երևանում, ինչ-որ բան տեղի է ունենում։ Օրինակ՝ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։ Կարող եմ պատկերացնել, որ գործը կհասնի ազատականացման, բայց դա ինտեգրում անվանելն, իհարկե, այնքան էլ ճիշտ չէ»,- նշել է քաղաքագետը։

Իսկանդարյանը գնահատել է նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի նշանակությունը։ Նրա կարծիքով՝ ներկայում այն առաջին հերթին խորհրդանշական նշանակություն ունի և ռազմական սուբյեկտայնություն չունի։

«Դա Ռուսաստանի Դաշնության դրոշն է։ Բազայի դուրսբերումը խորհրդանշական առումով շատ բան կնշանակի։ Իրական ռազմական առումով՝ չեմ կարծում, որ շատ բան»,- հայտարարել է նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ 2020 թվականի պատերազմից և դրանում Թուրքիայի մասնակցությունից հետո Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը փոխվել է, և Ռուսաստանը դադարել է տարածաշրջանում անվտանգության մենաշնորհատեր լինել։ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այդ գործընթացն ուժեղացել է։

Փորձագետի խոսքով՝ առնվազն մինչև ուկրաինական պատերազմի ավարտը դժվար է պատկերացնել վերադարձ նախկին մոդելին, երբ Ռուսաստանը հանդես էր գալիս որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։

«Նույն վիճակին վերադառնալ, նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ, որովհետև այդ ջուրն արդեն անցել է»,- եզրափակել է Իսկանդարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։ 

Leave a Comment