«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և այդպես կլինի միշտ». Էրդողանը՝ 44-օրյա պատերազմի տարելիցին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, կրկին հանդես է եկել Ադրբեջանի տարածքային հավակնություններին աջակցող հայտարարությամբ։

«Ղարաբաղն ադրբեջանական հող է և միշտ այդպիսին կլինի»,– հայտարարել է Էրդողանը՝ հարգանքի տուրք մատուցելով, իր բնորոշմամբ, Ղարաբաղի «օկուպացիայից ազատագրման» համար պայքարած ադրբեջանցի զինծառայողների հիշատակին։

Էրդողանի հայտարարությունը հնչում է այն պատերազմի տարելիցին, որի ընթացքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հենց Ադրբեջանն էր ռազմական լայնածավալ հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի վրա։ Human Rights Watch-ը փաստագրել է ադրբեջանական ուժերի կողմից Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրետակոծություններ ու օդային հարվածներ՝ արձանագրելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վնասում։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցան Լեռնային Ղարաբաղին պատկանող մի շարք տարածքներ։

Սակայն 2020 թվականի պատերազմը չդարձավ Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանության ավարտը։ 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը խափանել էր Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ու մարդասիրական մատակարարումները, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողություն սկսեց արդեն բուն Լեռնային Ղարաբաղում։ Դրան հաջորդած օրերին ավելի քան 100 հազար էթնիկ հայեր լքեցին Արցախը։

Այսպիսով, Էրդողանի կողմից «ազատագրում» ներկայացվող իրադարձությունների մյուս կողմը հազարավոր ընտանիքների հայրենազրկումն է։ Էրդողանի այսօրվա հայտարարությունը, հետևաբար, ոչ միայն պատմական հակամարտության վերաբերյալ քաղաքական դիրքորոշում է, այլև հնչում է այն իրադարձությունների ֆոնին, որոնց արդյունքում Արցախը զրկվեց իր ավելի քան 100-հազարանոց հայկական բնակչությունից։

Leave a Comment