Տոկաևը 14 զինծառայողի զոհվելուց հետո պաշտոնանկ է արել ՊՆ ղեկավարին – armeniatoday.am

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին՝ Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի զոհվելուց հետո։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին, հայտնում է Kazinform-ը։

Կադրային որոշման պատճառը փաստաթղթում չի նշվում։

Ղազախստանի պաշտպանության նոր նախարար է նշանակվել Այդոս Միրզախմետովը։ Նրա նշանակման հրամանագիրը Տոկաևը ստորագրել է նույն օրը։

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին Ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են սեպտեմբերի 25-ին՝ վերջին երկու անհետ կորած զինծառայողների մարմինները հայտնաբերելուց հետո։

Տոկաևը սեպտեմբերի 26-ին հանձնաժողով էր ստեղծել պաշտպանության նախարարությունում (ՊՆ) իրավիճակի համալիր ստուգման համար՝ ներառյալ զորամասերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը։

Հանձնաժողովը ստուգման առաջին արդյունքները պետք է ներկայացնի յոթ օրվա ընթացքում։

Դեպքից հետո Կոսանովը հայտարարել էր, որ ՊՆ-ն պարզում է տեղի ունեցածի բոլոր հանգամանքներն ու պատճառները, իսկ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

Leave a Comment