Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը սեպտեմբերի 27-ին պաշտոնանկ է արել երկրի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին։ Որոշումը կայացվել է Մանգիստաուի շրջանում տեղի ունեցած ողբերգական միջադեպից երեք օր անց, որի հետևանքով 14 զինծառայող է մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին՝ Կասպից ծովի ափին անցկացվող Ղազախստանի ռազմածովային զորավարժությունների ընթացքում։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ եղանակային պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով 17 զինծառայողներ հայտնվել են ջրում և քշվել ծով։

Նրանցից երեքին հաջողվել է փրկել, իսկ 14 զինծառայող մահացել է։ Զոհերը 19-23 տարեկան էին։

Տոկաևը սեպտեմբերի 25-ը հայտարարել էր ազգային սգո օր։ Նա նաև հանձնարարել էր ստեղծել հատուկ հանձնաժողով՝ Պաշտպանության նախարարությունում իրավիճակի համապարփակ ուսումնասիրություն իրականացնելու և միջադեպի հանգամանքները պարզելու համար։

Քրեական գործեր են հարուցվել

Միջադեպի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել ծանր հետևանքների հանգեցրած անփութության և նավագնացության կանոնների խախտման հոդվածներով։

Քննությունն իրականացնում է միջգերատեսչական քննչական խումբը։ Գործընթացը համակարգում է կառավարության հանձնաժողովը՝ փոխվարչապետ Կանատ Բոզումբաևի գլխավորությամբ։

Քննության շրջանակում արդեն ձերբակալվել է Ղազախստանի զինված ուժերի ավագ և բարձրագույն հրամանատարական կազմի հինգ պաշտոնյա։

Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են Ռազմածովային ուժերի շտաբի պետն ու գլխավոր հրամանատարի առաջին տեղակալը, երկու զորամասերի հրամանատարները, ծովային վաշտի հրամանատարը և նավակի հրամանատարը։

Հետաքննությունը պետք է պարզի զինծառայողների մահվանը հանգեցրած հանգամանքները, այդ թվում՝ զորավարժությունների կազմակերպման, անվտանգության կանոնների պահպանման և հրամանատարական կազմի գործողությունների հետ կապված հարցերը։

Leave a Comment