Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ — Հայաստանի Հանրային Ռադիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կոչ է արել բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու նպատակով։

Թրամփը լրագրողների հետ զրույցում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի ինչպես Զելենսկին, այնպես էլ Պուտինը բանակցեն խաղաղության շուրջ։ Նրա խոսքերի մի մասը հրապարակել է Fox News-ը։

«Ես ուզում եմ, որ նա բանակցի Պուտինի հետ, և ես ուզում եմ, որ Պուտինը բանակցի նրա հետ»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը, խոսելով պատերազմի հետևանքով զոհերի թվի մասին, պնդել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների հետևանքով յուրաքանչյուր ամիս տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվում։ Նրա խոսքով՝ զոհերի մոտ 97 տոկոսը զինվորականներ են։

«Բայց անկախ նրանից՝ նրանք զինվորական են, թե քաղաքացիական, պարզապես մտածեք այդ մասին․ երկու ամիս առաջ՝ 32 հազար, անցյալ ամիս՝ 33 հազար, այս ամիս՝ 25 հազար»,-ասել է Թրամփը:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը պետք է ավարտվի բանակցությունների միջոցով։

Leave a Comment