Հայաստանի չորս համայնքում սեպտեմբերի 27-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Ժամը 11:00-ի դրությամբ ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 13,91%, հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)։
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում մասնակցությունը կազմել է 7,98%, Լոռու մարզի Լերմոնտովոյում՝ 5,07%, Կոտայքի մարզի Արզնիում՝ 8,49%։
Թումանյանում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, մյուս երեք համայնքում՝ մեծամասնական։
Քվեարկության համար ձևավորված բոլոր 14 ընտրական տեղամասերը բացվել են ժամը 8:00-ին։ Ընտրողների գրանցման համար գործածվում է 19 տեխնիկական սարքավորում։
Ընտրությունների ընթացքին հետևելու համար ԿԸՀ-ն հավատարմագրել է երեք դիտորդական առաքելություն՝ «Ականատես» համատեղ դիտորդական առաքելությունը, «Ազատ քվեն» և «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը։ Քվեարկությունը լուսաբանելու համար հավատարմագրվել է 11 ԶԼՄ։
Ժամը 12:00-ից ԿԸՀ-ն երեք ժամը մեկ կհրապարակի քվեարկության մասնակիցների թիվը՝ ըստ համայնքների։
