Լավրովը ՄԱԿ-ից պահանջվում է ոչ ստանդարտ քայլեր

Լավրովը ՄԱԿ-ից պահանջվում է ոչ ստանդարտ քայլեր

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հայտարարել է, որ Արևմուտքը վտանգում է մոլորակի միլիարդավոր մարդկանց կյանքը՝ գործելով «արկածախնդրորեն և անկանխատեսելիորեն»։

Նրա խոսքով՝ Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, մինչդեռ այդ բանակցություններով շահագրգռված է նաև ԱՄՆ-ն։ Լավրովը հայտարարել է, որ Կիևի կողմից Ռուսաստանի անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգները կվերացվեն հատուկ ռազմական գործողության արդյունքում։

ՌԴ ԱԳ նախարարը նաև պնդել է, որ ԵՄ մի շարք երկրների առաջնորդներ «վարակված են ռասայական գերազանցության վիրուսով» և նպաստում են նացիզմի տարածմանը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքները վտանգի տակ են, երբ Արևմուտքը «աչք է փակում ուկրաինական նացիզմի ծաղկման վրա»։

Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանին զսպելու փորձերի արդյունքում քանդել է եվրոպական անվտանգության համակարգը։ Նա նաև մեղադրել է ՆԱՏՕ-ին իր ազդեցությունը աշխարհի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Հարավարևելյան և Հյուսիսարևելյան Ասիայում, տարածելու փորձի մեջ։

Միաժամանակ՝ Լավրովը հայտարարել է, որ, անկախ հանգամանքներից, Եվրոպայում խաղաղ կյանքը կվերականգնվի։ Նա նաև ասել է, որ Բելգրադին ստիպում են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ Եվրամիությանն անդամակցելու «ուրվական հեռանկարի» դիմաց։

Անդրադառնալով Վենեսուելային՝ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջոլ է անհապաղ ազատ արձակել Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, ինչպես նաև թույլ չտալ նմանատիպ միջադեպերի կրկնություն։

Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի կարգավորման համար, Լավրովի խոսքով, անհրաժեշտ է վերականգնել վստահությունն արաբական երկրների և Իրանի միջև։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը անընդունելի է համարում ուժային թելադրանքի դրսևորում Իրանի գերագույն առաջնորդի և իշխանությունների ներկայացուցիչների սպանության տեսքով։

Լավրովը նշել է, որ ՄԱԿ-ից պահանջվում են ոչ ստանդարտ քայլեր՝ Մերձավոր Արևելքում բացասական միտումները շրջելու համար։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը համոզված է՝ եկել է Պաղեստինի պետականության ապահովման ժամանակը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև կոչ է արել վերացնել Կուբայի շրջափակումը և անհապաղ միջոցներ ձեռնարկել կղզում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը բարելավելու համար։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը չի սպասարկի առանձին պետությունների շահերը։

Leave a Comment