ԵՄ շուկայի հեռանկարը բարդ է լինելու. Մակարյան

ԵՄ շուկայի հեռանկարը բարդ է լինելու. Մակարյան

Եվրամիության խորհուրդը պաշտոնապես ընդունել է Հայաստանի արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցառումները։ Դրանց նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների պայմաններում։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տնտեսագետ Գագիկ Մակարյանը։

-Ինչքանո՞վ է եվրոպական շուկան մեզ համար բացվելու այս ամենից հետո։

-Սա հաջող սկիզբ է։ Բայց անդրադառնանք նաև 2012-2013 թվականների վիճակագրությանը, որը ցույց էր տալիս, որ Եվրոպական միության հետ մեր արտաքին առևտուրը մոտավորապես կազմում էր 26-27 տոկոս, և գրեթե նույն չափով էր Ռուսաստանի հետ առևտուրը: Այսինքն՝ Ռուսաստանի հետ առևտուրը և Եվրոմիության հետ արտաքին առևտուրն իրար հավասար ցուցանիշներ էին: Մի տարի Եվրոմիությունն էր մի փոքր առաջ ընկնում, մի տարի՝ Ռուսաստանը: Բայց երբ դարձանք ԵԱՏՄ անդամ, իմ կարծիքով, մեր ամբողջ ուշադրությունը սևեռվեց ԵԱՏՄ-ի վրա՝ որպես մի կառույցի, որի անդամն ենք: Եվ մենք կորցրեցինք մեր զգոնությունը արտահանման ուղղությամբ ավելի ուշադիր աշխատելու տեսանկյունից: Մենք հարմարվեցինք միջին և ցածր մրցունակության ապրանքների մատակարարմանը, որոնք սկսեցին արտահանվել դեպի Ռուսաստան, այնուհետև՝ նաև ԵԱՏՄ որոշ երկրներ: Երբ Բելառուսի կամ Ղազախստանի հետ փորձեցինք առևտուր անել, այդ թվականներին մեր արտաքին առևտուրը Բելառուսի հետ կազմում էր ընդամենը 0.7 տոկոս, իսկ Ղազախստանի հետ՝ 0.2 տոկոս: Այսինքն՝ իրականում կարելի էր համարել, որ մենք Ղազախստանի կամ Բելառուսի հետ արտաքին առևտուր չունեինք: Մենք մտանք ԵԱՏՄ, բայց հենց այդ ժամանակներից սկսած մինչև օրս մեր հիմնական գործընկերը դարձավ Ռուսաստանը:

-Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ որոշում է կայացվել եվրոպական շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80%-ի համար՝ ծիրանից և բալից մինչև լոլիկ ու ծաղիկներ։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Եվրոպան արդեն հիմա օգնում է, որ մենք արտահանենք, այսինքն՝ տվել է թույլտվություն ապրանքների 80 տոկոսն առանց մաքսատուրքի արտահանելու, որը մեծ թիվ է, որովհետև ցանկն ընդգրկում է մոտավորապես 6400 ապրանք։ Տեսեք, բացի գյուղատնտեսական ապրանքներից՝ նաև ևս 5000 ապրանք առանց մաքսատուրքի: Դրանք կարող են լինել տարբեր սարքավորումներ և այլ արտադրանքներ, որոնք թողարկում է Հայաստանի արդյունաբերական համալիրը: Այս թույլտվությունը կարևոր էր նրանով, որ տրվեց երկու տարով: Ես մի քանի անգամ մամուլում բարձրացրել եմ այն հարցը, որ հարկավոր է տիկին Ֆոն դեր Լեյենին խնդրել, որ անպայման որոշակի ժամկետներ տրվեն։ Քանի որ եթե ժամկետ չկար, անորոշ կամ կարճ էր թվում, բիզնեսները չէին գնա այնպիսի ծախսերի, որ իրենց արտադրանքի որակն այնքան լավացնեին ու սերտիֆիկատներ ձեռք բերեին, որոնց շնորհիվ կարողանային արտահանել դեպի Եվրոպական միություն: Հետևաբար՝ երկու տարին արդեն որոշակիորեն մխիթարական ժամկետ է, քանի որ բիզնեսն արդեն գիտի, որ գոնե երկու տարի այդ թույլտվությունը կա, և իմաստ ունի դրա մասին մտածել: Ընդ որում, եթե նույնիսկ երկու տարի հետո ԵՄ-ն հանկարծ չերկարացնի զրոյական մաքսատուրքերի թույլտվությունը, ապա մենք պիտի արտահանենք սովորական մաքսատուրքերի ռեժիմով, որը Եվրոպական միությունում միջինում կազմում է 15 տոկոս: Իրականում, կախված ապրանքից, 7 տոկոսից մինչև 20-25 տոկոս է, բայց միջինացված՝ մոտավորապես 15 տոկոս մաքսատուրք: Հայկական բիզնեսը, երբ այս երկու տարվա ընթացքում սկսի արտահանել, աստիճանաբար պիտի հաշվարկ կատարի, թե եթե երկու տարի հետո չլինի այդ թույլտվությունը, 15 տոկոս միջին մաքսատուրքով իր ապրանքն ի՞նչ գին կունենա Եվրոպական միությունում՝ գումարած տրանսպորտային, լոգիստիկ ծախսերը և այլն: Եվ արդյո՞ք ինքը կարող է այդ շուկան շարունակել պահպանել: Հետևաբար՝ նաև պիտի մտածի իր արտադրողականության բարձրացման, ծախսերի կրճատման, սերտիֆիկատների իրավունքը պահպանելու մասին, որպեսզի գործընթացը շարունակական լինի։

-Որոշումը հեռանկարայի՞ն է, թե՞ կարող է ժամանակավոր բնույթ կրել։

-Հեռանկարը բարդ է լինելու․ եթե մեր արտահանման ծավալների, ասենք թե, 10 տոկոսն այս տարի անգամ չենք փակի Եվրոպայի հետ, դա շատ քիչ կլինի, բայց եթե հաջորդ տարի կարողանանք արտահանման ծավալների 30 տոկոսը տանել դեպի ԵՄ, դա մեծ հաջողություն կլինի: Հայաստանի արտահանման հետ կապված խնդիրը պայմանավորված է մի քանի ցուցանիշով, որոնք միայն բիզնեսի հնարավորությունների սահմաններում չեն: Այնտեղ առանց պետության օգնության չի լինի: Ի՞նչ է դա․ առաջինը՝ պետք է լինի արդյունաբերական արդիականացում (մոդեռնիզացիա), և այստեղ կարևոր է պետության դերը, որպեսզի սուբսիդավորի սարքավորումների ձեռքբերումը լիզինգով կամ բիզնես-պլանի շրջանակում որոշակի ժամկետով ազատի հարկերից, որպեսզի ընկերությունը կարողանա արդիականացվել: Սա խնդիր է, որովհետև ցածր, հետադիմական սարքավորումներով և արտադրական հոսքագծերով մրցունակ ապրանք չեն կարող ստեղծել թե՛ որակի, թե՛ գնի առումով։ Երկրորդ խնդիրը աշխատուժն է, որովհետև որակյալ շուկաներ մտնելու համար պիտի որակյալ արտադրանք ունենաս, իսկ որակյալ արտադրանքի համար պետք է մասնագետներ ունենալ: Երրորդը տրանսպորտային-լոգիստիկ խնդիրն է, քանի որ դեպի Եվրոպա գնալն ավելի երկար է տևում: Այդ երկար ճանապարհն ունի այն խնդիրը, որ տվյալ սառնարանային մեքենայում ապրանքը կարող է չկարողանալ դիմանալ այնպես, ինչպես Ռուսաստան գնալիս 3 օրում դիմանում է: Օրինակ, եթե Ռուսաստան ելակը, ենթադրենք թե, 2-3 օրում տանում են, ու չի հասցնում փչանալ, ապա պետք է հասկանալ, որ Եվրոպայում դա կարող է 7 օր տևել, և ինչ պետք է անել դրա համար։ Այսինքն՝ այստեղ պետք են նաև մասնագիտական վերլուծություններ եվրոպական փորձագետների աջակցությամբ՝ գնահատելու, թե հատկապես որ ապրանքների վրա պետք է շեշտադրում անել: Որովհետև այդ երկար ճանապարհին ցնցումները, թափահարումները շատ են, հետևաբար փաթեթավորումը պետք է լինի համապատասխան ձևով: Կարող է պետք լինի ուրիշ փաթեթավորում անել, այլ ոչ թե նույն փաթեթավորումը, ինչով Ռուսաստան էին տանում։

Քանի որ ճանապարհների երկարության և այլ պատճառներով կարող է ամեն եղանակի ու պահի այդ լոգիստիկան չապահովենք, եթե այնտեղ ունենանք պահեստավորման հնարավորություններ, հնարավոր կլինի այդ ապրանքներն առանց շտապելու տանել, կուտակել, իսկ հետո, երբ վաճառքի պահը գա, դրանք կվաճառվեն։

Եվրոպական շուկան հեռանկարային է նրանով, որ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկա է։ Երկրորդը՝ ավելի գրագետ, բարձրակարգ շուկա է։ Այսինքն՝ այնտեղ կոռուպցիա, ինչ-որ ծանոթներ, հետադիմական երևույթներ չկան, ինչը լավ է, և դա կնպաստի, որ հայկական բիզնեսը սկսի ավելի բարձր մշակույթով աշխատել, տիրապետի պայմանագրերի կնքմանը, միջազգային արբիտրաժային վեճերի լուծումներին։ Եթե լինեն վեճեր, կարողանան դատարաններում իրենց շահերը պաշտպանել, լոգիստիկան լավացնել, և ամենակարևորը՝ ձգտել լավացնել իրենց ապրանքների որակը: Որովհետև եվրոպական շուկային զուգահեռ պակաս մրցունակ շուկաներ չեն նաև ԱՄՆ-ի, արաբական երկրների շուկաները, որտեղ ևս կարող է սերտիֆիկատ պետք լինել՝ կախված, թե ինչպիսի սննդամթերք է: Այսինքն՝ եթե մեկ անգամ այդ նշաձողը բարձրացվում է (նկատի ունեմ որակը և ստանդարտները), ապա դրանցով հնարավոր է շատ շուկաներ գրավել։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment