«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան

«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մերօրյա իրականության անպատասխան հարցերից մեկը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ կիրառման կարմիր գծերի և գործառութային հստակության խնդիրը։
Երբ իշխանական շրջանակներում կամ հանրային տիրույթում շրջանառվում են թեզեր առ այն, որ նույնիսկ սադրանքների կամ տեղային հարձակումների դեպքում հնարավոր է պատասխան չտրվի, բանակի բարոյահոգեբանական վիճակը և զսպող դերը լրջագույն հարվածի տակ են հայտնվում։
Ոչ ոք հստակ չգիտի, թե անհրաժեշտության դեպքում որ ուղղությամբ պետք է բացազատվեն զորքերը, որոնք են հնարավոր հարվածի հիմնական ուղղությունները, և որն է այն վերջնական կետը, որից հետո գործի է դրվելու ռազմական մեքենան: Արդյո՞ք պետությունը նախապես սահմանել է այն չափանիշները, որոնց դեպքում բանակի կիրառումը դառնում է անհրաժեշտ, և արդյո՞ք այդ չափանիշներից բխող համակարգը փորձարկվել է:
Այս ամենի հիմքում ընկած համակարգային խնդիրը արդիական Ազգային անվտանգության ռազմավարության փաստացի բացակայությունն է:
Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև մասշտաբային զորավարժությունների բացակայությունը կամ դրանց ձևաչափերի կրճատումը։ Լայնածավալ զորախաղերը, սահմանային զորաշարժերը և հրանոթների մարտական բացազատումն անհնար է պատկերացնել առանց հստակ հասկանալու, թե կոնկրետ որ ուղղությունից և ինչ ինտենսիվությամբ է հնարավոր հակառակորդի հարձակումը։
Զորավարժության իմաստը միայն զինվորներին հերթական անգամ շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ։ Իրական զորավարժությունը ենթադրում է իրատեսական սցենար, հնարավոր հակառակորդի գործողությունների մոդելավորում, տարբեր պետական և ռազմական կառույցների փոխգործակցության ստուգում և որոշումների կայացման համակարգի փորձարկում։
Հակառակ դեպքում կարող ենք ունենալ նոր սպառազինություն, նոր ստորաբաժանումներ և նոր ռազմավարական գործընկերություններ, բայց չունենալ հստակ պատասխան, թե ե՞րբ է պետությունը որոշելու, որ եկել է պաշտպանվելու ժամանակը»։

Leave a Comment