ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նախազգուշացրել է Իրանին աջակցելու վտանգների մասին և Պեկինից հավաստիացումներ ստացել, որ նման աջակցություն չի ցուցաբերվում, հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Չինաստանում ԱՄՆ դեսպան Դևիդ Փերդյուին։
Փերդյուն CNBC-ին հայտնել է, որ Վաշինգտոնը Պեկինին ավելի վաղ ևս հասկացրել էր՝ Իրանին ուղղակի կամ անուղղակի աջակցությունը, այդ թվում՝ հետախուզական տվյալների, բաղադրիչների կամ ռազմական տեխնիկայի տրամադրումը, ԱՄՆ-ի համար «միանգամայն անընդունելի» է։ Նրա խոսքով՝ Թրամփը Սի Ծինփինի հետ սեպտեմբերի 24-ի հանդիպման ժամանակ կրկին բարձրացրել է այդ հարցը։
Fox News-ին տված հարցազրույցում Փերդյուն ասել է, որ Վաշինգտոնը Չինաստանից հավաստիացումներ է ստացել, որ Պեկինը չի աջակցում Իրանին։
«Մենք արդեն որոշակի տեղաշարժ ենք տեսել։ Դա է նրանց հանձնառությունը։ Երեկ նրանք մեզ հավաստիացրին, որ դա չեն անում»,- ասել է ԱՄՆ դեսպանը։
Միևնույն ժամանակ Reuters-ին իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ չինացի պաշտոնյաները Թեհրանին հավաստիացրել են՝ Թրամփ-Սի հանդիպումից հետո Չինաստանը ԱՄՆ ճնշման ներքո չի սահմանափակի Իրանի հետ տնտեսական, քաղաքական կամ ռազմական հարաբերությունները։
Պեկինի հրապարակային հաղորդագրությունում Իրանի ռազմական աջակցության մասին չի նշվում։ Սին Թրամփի հետ բանակցությունների ժամանակ կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերադառնալ երկխոսության և բանակցությունների ճանապարհին և հասնել համապարփակ համաձայնության, որը կներառի նաև միջուկային հարցը։
Reuters-ը հուլիսին հաղորդել էր, որ Իրանը կարող է Չինաստանից ստանալ մինչև 400 շարժական հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ։ Չինաստանի ԱԳՆ-ն այդ տեղեկությունները «ամբողջությամբ անհիմն» էր անվանել։
Թրամփն ու Սի Ծինփինը հանդիպել են սեպտեմբերի 24-ին Սպիտակ տանը՝ Չինաստանի նախագահի ԱՄՆ պետական այցի շրջանակում։ Թրամփը հաջորդ օրը հաստատել է, որ Սիի հետ քննարկել է նաև Իրանի շուրջ պատերազմը՝ մանրամասներ չհայտնելով։
