2020 թվականի պատերազմից հետո, երբ Արցախը կրեց զգալի տարածքային կորուստներ, Ադրբեջանը շարունակեց արդեն ոչ միայն Արցախի հարցը իր օգտին վերջնականապես լուծելու ուղղված ակտիվ գործողությունները, այլ նաև սկսեց ակտիվ ձևով առանձին պահանջներ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը: 2021 թվականի հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքվեց Շուշիի հռչակագիրը դաշնակցային հարաբերությունների մասին: Դրանից հետո մի քանի անգամ վերահաստատվել են Հռչակագրի դրույթները: Այս հռչակագիրն, ըստ էության, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական, անվտանգային, արտաքին և այլ հարցերում համագործակցությունը հասցրեց նոր` ինստիտուցիոնալ մակարդակի: Սրանով միահյուսվեցին երկու երկրների համակարգերը: Սա այն փաստաթուղթն է, որը պաշտոնապես նախանշեց տարածաշրջանում երկու երկրների փոխգործակցության ուղղությունները` առաջիկա տարիների ընթացքում: Շուշիի հռչակագրի բազմաթիվ դրույթներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են Հայաստանի անվտանգային համակարգին։
Այսպես` Հռչակագրի 9-րդ կետով սահմանված է փոխադարձ ռազմական աջակցության հնարավորությունը։ Օրինակ` Եթե Ադրբեջանը որևէ երրորդ պետությունից սպառնալիք կամ ագրեսիա տեսնի, Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են խորհրդակցել, միմյանց անհրաժեշտ օգնություն տրամադրել և համակարգել զինված ուժերի գործողությունները։
10-րդ կետով սահմանված է Բաքու–Անկարա անվտանգության մշտական համակարգումը, որի համաձայն երկու երկրների անվտանգության խորհուրդները պետք է պարբերաբար համատեղ նիստեր անցկացնեն և քննարկեն պաշտպանության ու տարածաշրջանային անվտանգության հարցերը։
11-րդ կետով Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են համատեղ վերակազմավորել և արդիականացնել իրենց զինված ուժերը։
13-րդ կետով նախատեսվում են զինվորականների փոխանակում, համատեղ զորավարժություններ և երկու բանակների փոխգործունակության բարձրացում։
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը կարող են ավելի արագ և համակարգված գործել համատեղ ռազմական իրավիճակում։
14-րդ կետով նախատեսվում է զենքի և զինամթերքի տրամադրում, ռազմական տեխնոլոգիաների փոխանակում, համատեղ հետազոտություններ և
20-րդ կետով սահմանված է «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը։
Հռչակագիրը հատուկ նշում է Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Հայաստանի անվտանգային համակարգի համար սա լուրջ սպառնալիք է, քանի որ խոսքը միայն տրանսպորտային կապի մասին չէ։ «Միջանցքի» գաղափարը Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև հատուկ կապի ստեղծումն է, որի շուրջ ձևավորվող մոտեցումները Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների նկատմամբ լիարժեք վերահսկողության տեսանկյունից ստեղծում են էական անվտանգային ռիսկեր։
Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի․ այդ ճանապարհը Անկարայի համար Ադրբեջանի հետ ցամաքային կապի ամրապնդման և Կովկասից դեպի Կենտրոնական Ասիա հաղորդակցության ընդլայնման կարևոր բաղադրիչ է։ Այսպիսով, Ադրբեջանի և Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեցող նախագիծ է։ 2026 թվականի հուլիսի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի մուտքն ու ելքը գտնվում են Ադրբեջանի տարածքում: Կարծում եմ կարիք չկա սրա նշանակությունը բացատրելու: Ավելի քան պարզ ներկայացված է Ադրբեջանի մոտեցումը ԹՐԻՓՓ-ի հարցում, որն իրենք միջանցք են անվանում:
24-25-րդ կետերով սահմանված է երկու երկրների` սփյուռքի ներուժի միավորման և խրախուսման դրույթները, ի թիվս այլնի նպատակների, նաև պատմական ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու նպատակով:
Այս ամենը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ։ Շուշիի հռչակագիրը ոչ միայն խորացնում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցությունը, այլև ստեղծում է փոխադարձ ռազմական աջակցության, անվտանգության մշտական համակարգման, համատեղ զորավարժությունների, զինված ուժերի փոխգործունակության և ռազմատեխնոլոգիական համագործակցության մեխանիզմներ։
Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի դերակատարումը․ Անկարան շահագրգռված է տարածաշրջանում ընթացող գործընթացներով և բացահայտ աջակցում է Ադրբեջանին, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների հարցում։ Այս ամենի համադրությունը Հայաստանի համար ստեղծում է անվտանգային լրջագույն սպառնալիքներ, քանի որ խոսքը ոչ միայն երկու պետությունների միջև հարաբերությունների խորացման, այլև Հայաստանի անմիջական հարևանությամբ ռազմական, քաղաքական և ռազմավարական կարողությունների համատեղ ընդլայնման մասին է։
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն օկուպացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունքի մարզերի որոշ հատվածներում: Խաղաղության շրջանակներում ՀՀ ԳՇ պետը, խոսելով ձեռնարկվող միջոցառումների մասին, նշեց, որ այդ տարածքներից «ադրբեջանցիները կսովածանան ու կգնան»: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել տարածքները: Այդ պատերազմում հայկական կողմն ունեցավ 200-ին ավել զոհ:
2022 թվականի կեսերին կրկին ակտիվացվում է «Արևմտյան Ադրբեջան» մտացածին համայնքի գործունեությունը: Այն վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածք ադրբեջանցիների վերադարձին: Այս մտացածին համայնքի գոյությունը ողջունել են նաև Թուրքիայի իշխանության ներկայուցիչները «Արևմտյան Ադրբեջան» համայնքի կազմակերպված համաժողովի ընթացքում:
2024 թվականին Ադրբեջանը արդեն հստակ պահանջ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու վերաբերյալ, քանի որ տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքներ էր տեսնում:
Ադրբեջանում շարունակում են գտնվել բազմաթիվ գերիներ, որոնց վերադարձի մասին որևէ խոսք չկա, իսկ նրանցից շատերը, ինչպես հայտնի է, նաև Արցախի իշխանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ էին ու դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկումների:
2025 թվականի մայիսին ակտիվացավ նաև Հայ Առաքելական Սուրբ Եկղեցու դեմ ադրբեջանական հակաքարոզչությունը: Մասնավորապես, Փաշազադեն հայտարարում էր հետևյալը. «Մենք վերջերս վերականգնեցինք «Իրևանի ղազիաթը» և հուսով ենք, որ մենք կգնանք այդ հողերը, կվերականգնենք մեր տաճարները, սրբավայրերը, մզկիթները և թույլ կտանք մեր կրոնական գործիչներին գործել այնտեղ»: Վերջինս նաև հայտարարեց, որ հայկական կրոնական շրջանակները, իր ձևակերպմամբ, «Ուչմիաձին» բնակություն են հաստատել «պատմական ադրբեջանական հողերում», որը նրանք անվանել են Էջմիածին, և այնտեղ կառուցել են իրենց կրոնական տաճարները։
Ահա այս ամենին Հայաստանի իշխանությունները պատասխանում են հետևյալ կերպ`
1. կազմաքանդում են հայ-ռուսական հարաբերությունները (հայ-ռուսական հարաբերություների զարգացման կողմնակից Անդրանիկ Թևանյանի «գործը» հենց այդ տրամաբանությունն ունի)
2. փլուզում են հայ-ռուսական անվտանգային և տնտեսական համակարգերը փլուզում, (Ադրբեջանը շարունակում է հարստացնել իր զինանոցը)
3. ռուսական ռազամաբազան համարում են ոչ պետքական կառույց, որը կարող է հեռանալ Հայաստանից, քանի որ Հայաստանը այլևս անվտանգային խնդիրներ չունի, (հարկ է նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ զորավարժություններ են անցկացնում)
4. Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին,
5. հրապարակային վեճեր են ունենում ռուսական քաղաքական իշխանությունների հետ,
6. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն այդպես էլ չեն ազատագրվում,
7. Ն.Փ.-ն հայտարարում է, որ հայկական սփյուռքի ընդհանուր գործունեությունը չի համապատասխանում «Իրական Հայաստան» գաղափարախոսության հետ:
8. Ն.Փ.-ն հայտարարում է, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ,
9. ակտիվ գործողություններ են ձեռնարկվում Հայաստանի սահմանադրության փոփոխության մասով, որից, ըստ տարածվող տեղեկությունների և իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից նշված դիրքորոշումների, սահմանադրության նախաբանից հեռացվելու է Հայաստանի անկախության հռչակագրի հիշատակումը,
10. Հայաստանի տարածքում ԹՐԻՓՓ-ի գործարկում, որում Հայաստանն ունի ընդամենը 26 % ոչ հսկիչ մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ն 76%: Սա ըստ էության առնչվում է նաև Իրանի ազգային շահերին, որը բազմիցս խնդիրներ է արձանագրել, մասնավորապես ԱՄՆ-ի ներգրավվածության մասով,
11. իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով արշավ է ընթանում ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների` դրանով իսկ խարխլելով Եկեղեցու հիմքերը: Խոսվում է նաև անցկացվող արարողությունների ընթացակարգերը փոխելու, կանոնադրություն պետակա ռեգիստրի գործակալություն գրանցելու և այլնի մասին: Այսօր դատավարություններ են ընթանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այլ հոգևորականների դեմ, որով փորձ է արվում հեղիանակզրկել Եկեղեցու սպասվորներին, դատական որոշումներով չեղարկել Հայոց Հայրապետի որոշումները` դրանով իսկ զրկելով ինքնավարությունից, հարված հասնելով հեղինակությանը և վնասելով կառավարման համակարգը,
12. 6 տարուց ավել չի լուծվել գերիների վերդարձի հարցը,
13. Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ եթե Ադրբեջանի կողմից սահմանին կրակոց լինի, չսպասենք պատասխան կրակոցի, քանի որ այն կարող է խանգարել խաղաղությանը,
14. եթե Հայաստանը կոնկրետ մակերեսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը որևէ նման հայտարարություն Հայաստանի մասով չի արել:
15. Գազի գնի մասով, որը ևս առնչվում է Հայաստանի անվտանգային համակարգին, հայտարարվել է, որ «աշխարհը փուլ չի գա» եթե թանկացվի, ինչպես նաև Հայաստանը կարող է Ադրբեջանից էլ գնել:
16. Խոսվում է ատոմակայանը փակելու մասին, քանի որ իբրև ժամկետը սպառվում է: Խոսվում է փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայով ատոմակայանի կառուցման մասին, որի դրական փորձ դեռևս աշխարհում գոյություն չունի:
Ահա այսպիսի իրականություն»: