Երևանի «Հաղթանակ» զբոսայգու պատից հեռացրել են 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված որմնանկարը, հայտնել է նրա տուն-թանգարանը։
Հովհաննիսյանի տուն-թանգարանից հայտնել են, որ ընտանիքը քաղաքապետարանից դեռ պարզաբանում չի ստացել և սպասում է պատասխանի՝ որտեղ կտեղադրվի նրա պատկերը։ Քաղաքապետարանից ԶԼՄ-ներին հայտնել են, որ որմնանկարը հեռացվել է «բարեկարգման աշխատանքների շրջանակում»։
Ըստ Shamshyan.com-ի՝ որմնանկարը, հավանաբար, հեռացվել է սեպտեմբերի 21-ին․ սեպտեմբերի 20-ին այն դեռ պատին էր։
Որմնանկարի հեռացումը դժգոհություն է առաջացրել սոցիալական ցանցերում։
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Հովհաննիսյանն ու մյուս զոհված զինծառայողները պատմության մեջ են մտել որպես հայրենիքը պաշտպանած հերոսներ։
«Պատերից նկարները կջնջեք, դպրոցներում հերոսների անկյունները կվերացնեք, զորամասերում պաստառները կփոխեք, մեկ է՝ այս մարդիկ հերոսներ են ու վերջ»,- գրել է նա։
Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ 19 տարեկանում։ Պատերազմի օրերին հրետանային կրակ վարելիս արված նրա լուսանկարը լայնորեն տարածվել էր և դարձել 44-օրյա պատերազմի ամենաճանաչված կադրերից մեկը։ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և արժանացել «Արցախի հերոս» կոչման։
Ավելի վաղ՝ հունիսին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ գտնվող գետնանցման պատից հեռացրել էին նաև 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Մկրտչյանի դիմանկարը։ Նրա քույրը՝ Արևիկ Մկրտչյանը, հայտարարել էր, որ իշխանությունները «պայքարում են» զոհված զինծառայողների պատկերների դեմ։
Այդ դեպքից հետո Երևանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ քաղաքում գրաֆիտի կամ որմնանկար տեղադրելու համար անհրաժեշտ է նախնական գրավոր թույլտվություն և էսքիզի համաձայնեցում։
