Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հիմնած «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը հայտեր է ընդունում

Սեպտեմբերի 27-ին կմեկնարկի Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և նրա կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի ընտանիքի նախաձեռնությամբ հիմնված «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակի հայտերի ընդունումը, հայտնել է մրցանակի Telegram-ալիքը։

«Մրցանակը ստեղծվել է բարեգործության, կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող նախագծերին աջակցելու նպատակով՝ հատկապես նրանց, որոնք արդեն կատարել են առաջին քայլերն ու այժմ հետագա զարգացման հիմքեր են փնտրում», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Վարդանյանի և Զոնաբենդի այս նախաձեռնությունը հումանիտար ոլորտում նրանց երկարամյա գործունեության շարունակությունն է։ Մրցանակակիրները զարգացման համար կստանան մինչև 10 միլիոն ռուբլի, ինչպես նաև փորձագիտական, մենթորական և տեղեկատվական աջակցություն։ Աջակցություն կստանան նաև shortlist-ում ընդգրկված նախագծերը։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը։ Պաշտոնական կարճ ցուցակը կհրապարակվի 2027 թվականի ապրիլին, իսկ առաջին դափնեկիրների անունները կհայտարարվեն 2027 թվականի մայիսի 25-ին՝ Վարդանյանի ծննդյան օրը կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

Leave a Comment