Վառելիքի հերթից չվերադարձած չորս կանայք․ Ստեփանակերտի պայթյունից երեք տարի անց

Այսօր լրանում է Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված վառելիքի պահեստի պայթյունի երրորդ տարելիցը։ Աղետը տեղի է ունեցել Արցախի համար ծանրագույն օրերին, երբ ամիսներ տևած շրջափակումից և սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակումից հետո մարդիկ զանգվածաբար լքում էին իրենց տները։ Պայթյունի հետևանքով 219 մարդ մահացել է, մոտ 300-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել, 22 մարդ մինչ օրս անհայտ կորած է համարվում։

2023 թվականի սեպտեմբերի 25-ին երեկոյան ուժեղ անձրև ու ամպրոպ էր Ստեփանակերտում։ Եվ երբ երեկոյան 18:40-ի սահմաններում լսվել է պայթյունի ուժգին ձայնը, շատերն այն շփոթել են ամպրոպի ձայնի հետ։ Սկզբնական պահին պարզ չէր նաև աղետի մասշտաբը։ Որոշ ժամանակ անց, երբ պայթյունի վայրից այրված մարդիկ, ցավից գոռալով սկսեցին դեպի հիվանդանոց վազել, իսկ Ստեփանակերտում գտնվողները՝ դեպի պահեստի վայր՝ փնտրելու հարազատներին, արդեն սկսեց նշմարվել աղետի իրական չափը։ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թվում են նաև չորս կանայք։

Առաջին հայացքից անհասկանալի կարող է թվալ, թե ինչու են կանայք գտնվել բեզինի հերթում, չէ՞ որ այդ գործով հիմնականում տղամարդիկ էին զբաղվում։ Սակայն այդ հարցը կարող է առաջանալ սովորական օրերին, իսկ Արցախի մեկօրյա պատերազմից, տարբեր շրջաններից մարդկանց տեղահանությունից հետո, երբ յուրաքանչյուրը փորձում էր հայթայթել այդքան անհրաժեշտ վառելիքն ու ընտանիքը րոպե առաջ հանել՝ վախենալով ադրբեջանցիների նոր հարձակումներից ու վայրագություններից, բնական է դառնում նաև կանանց ու երեխաների ներկայությունն աղետի վայրում։

Բացի դրանից շատերի ընտանիքներն ավոտմեքենաներում էին մնում ու հենց ընտանիքով էլ հասել էին պահեստի վայր, մյուսների ամուսինները ծառայության մեջ էին կամ դեռևս լուր չունեին նրանցից, կային նաև կանայք, ում ընտանիքի հոգսն իրենց վրա էր և իրենք էին զբաղվում վառելիքի հարցով։

«Վա՛յ, էրվում»․ պայթյունի զոհ Լիանա և Սաշա Սարգսյանները

Սաշա (ծնվ․ 1972 թվականի հունվարի 15) և Լիանա (ծնվ․ 1979 թվականի հունվարի 29) Սարգսյանները սեպտեմբերի 19-ի գիշերն էին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղից դուրս եկել։ Երբ ադրբեջանցիները հարձակվել են գյուղի վրա, Սաշան դիրքերում էր։ Նա ավելի ուշ վերադարձել և ընտանիքին գիշերով, Հարավ գյուղով անցնող իրեն ծանոթ ճանապարհով, հասցրել է Ստեփանակերտ։ Ստեփանակերտում ուսանող երեխաներ ունեին՝ դուստրն ու տղան։

Լիանայի մայրը՝ Ժաննա Բաղդասարյանը, պատմում է, որ ամուսինները գյուղից չեն կարողացել ոչինչ դուրս բերել։ Ստեփանակերտի բանկերից մեկում ոսկի ունեին գրավադրած, միասին գնացել էին ոսկին հանելու ու այնտեղից էլ՝ վառելիքի պահեստ։ Ընտանիքին վառելիք էր անհրաժեշտ Արցախից դուրս գալու համար։ Քանի որ յուրաքանչյուրին, ըստ նրանց ունեցած տեղեկության, 5 լիտր էին տալիս, Սաշան ու Լիանան միասին էին գնացել՝ գոնե 10 լիտր ստանալու հույսով։

Պայթյունից հետո Մանկական հիվանդանոց հասած Ժաննան Սաշային ճանաչել է միայն ձայնից։ Կրակը Սաշային ու Լիանային անճանաչելի էր դարձրել։ «Սաշիկի ձայնը տարբերվում էր, բամբ ձայն էր, որ մտա ասում էր՝ «վա՛յ, էրվում», նայել եմ տեսնեմ՝ ամբողջ մարմինը վառված, սևացած, միայն առաջին պատերազմի ընթացքում գլխի վրա ստացած վիրավորումից մնացած սպիով կարողացա հասկանալ, որ Սաշիկն է»,- պատմում է Ժաննան։

Ժաննան ստվարաթղթի կտորով սկսել է հովացնել Սաշային և սկզբում նույնիսկ չի նկատել, որ կողքին իր դուստրն է։ Սաշան չէր տեսնում, նրա աչքերն էլ էին այրվել, բայց կարողացել է մորը հասկացնել, որ Լիանան իր մոտ է։ Այդ ժամանակ Ժաննան նկատել է դստերը, որի վիճակն ավելի ծանր էր։ Սաշիկը խոսել է երեխաների հետ, իսկ Լիանան անընդհատ ասում էր՝ ձեռքս բռնիր։ «Ո՞նց բռնեմ, բռնելու տեղ չկար»,- հիշում է մայրը։

Ավելի ուշ պայթյունի վայրում գտնվողներից մեկը ընտանիքին պատմել է, որ Սաշան ու Լիանան հերթում սպասելու ընթացքում ձայն են լսել, հետ նայել և բռնկված վառելիքից այրվել։Ժաննան պատմում է, որ Սաշան անտանելի ցավեր ուներ, սկզբում ասում էր, որ գուցե չկարողանա քայլել, հետո կոմայի մեջ է ընկել։ Լիանան որոշ ժամանակ անց կարողացել է խոսել և մորը պատմել պայթյունից առաջ տեղի ունեցածի մասին։ Նա ասել է, որ վառելիքի հերթում կանգնած էին, երբ ինչ-որ մեկն իրենց մոտով անցել ու ասել էր՝ «չեք թողնում հա ես բենզին վերցրեմ, հիմա կտեսնեք»։ Դրանից հետո նրանք լսել են պայթյունի ձայնը։

Ժաննան վերհիշում է հիվանդանոցում դստեր ու փեսայի հետ անցկացրած վերջին ժամերը ու նշում, որ դեղեր չկային, սարքավորումները չէին աշխատում, բայց բժիշկը մի րոպե չի հեռացել հիվանդների մոտից։ Նրան հանձնարարել էր զրուցել վիրավորների հետ, որպեսզի նրանց շնչառությունը չկանգնի։

Լիանան, մոր խոսքով, զգում էր, որ մահանում է։ Վիրավորներին տեղափոխելու համար ուղղաթիռներն արդեն հասել էին հիվանդանոցի մոտ, երբ Լիանան մահացավ։ Սաշան մահացավ Սիսիան տեղափոխվելու ճանապարհին։

Պայթյունից հետո չորս երեխաները միաժամանակ կորցրել են երկու ծնողներին, իսկ նրանց խնամքի պատասխանատվությունն իր վրա է վերցրել հորաքույրը՝ Սիլվա Լալայանը։ Երեխաներից երեքին Սիլվան տեղափոխել է Աշխաբադ, որտեղ ինքն է ապրում։ Նրանց փաստաթղթերը Լիանայի մոտ էին և այրվել էին պայթյունի ժամանակ։ Սիլվան պատմում է, որ մեծ դժվարությամբ կարողացել է վերականգնել դրանք։

Հովանավորների աջակցությամբ ընտանիքի համար Մասիսում տուն են գնել, որը կահավորել են սեփական միջոցներով։ Սակայն Սիլվայի խոսքով՝ Հայաստանում երեխաների ծախսերն ապահովելը դժվար է, իսկ բնակարան ձեռք բերելուց հետո նրանք պետական աջակցության ծրագրից չեն օգտվում։ Երեխաներից Էլենն ուսանող է, ապրում է ՀՀ-ում, արդեն ընտրյալ ունի, ում հետ պատրաստվում է ամուսնանալ։ Հորաքույրը նշում է, որ ցանկանում է եղբոր երեխաների համար նրա երազած ապագան կառուցել։ «Հարսանիքն էլ եմ անելու, օժիտ էլ եմ տալու, ոչ մեկից սպասելիք չունեմ»,- ասում է նա։

Սարգսյանների զավակներից Ալեքսը երաժշտական տաղանդ ունի։ Արցախում Սաշան որդուն Մյուրիշենից տանում էր Ստեփանակերտի երաժշտական ուսումնարան՝ չնայած պատերազմի հետևանքով ստացած ոտքերի ցավերին։ Սիլվան ասում է, որ եղբոր սկսածը կիսատ չի թողնի։ «Ես դա կիսատ չեմ թողնելու։ Ինչ ուզում էր Սաշիկը, պիտի հասնեմ, մեռնիմ էլ պիտի անիմ»,- ասում է Սիլվան։

Սաշան ու Լիանան հուղարկավորված են ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։

«Գրպանում երեխաների նկարներն էին»․ 4 անչափահասների մայր Նարինե Վարդանյանը

Պայթյունի մյուս զոհի՝ չորս երեխաների մայր Նարինե Վարդանյանի (ծնվ․ 1987 թվականին) ամուսինը՝ Արտակ Վարդանյանը, ԱԱԾ-ում էր աշխատում և սեպտեմբերի 25-ի առավոտյան աշխատանքի վայրում էր։ Երբ ճաշին տուն է վերադարձել, կինը տանն էր։

«Հետո ասել են՝ Մռակածի բենզալցակայանում բենզին են տալիս, ճաշից հետո գնացել ենք այնտեղ, բոլորը կանգնած էին, թողել եմ հերթում, ես գործի բարձրացել։ Հեռախոսը տվել է երեխաներին, քույրս էլ էր այնտեղ, իրենք եկել են տուն, ինքը որոշել է մնալ ու սպասել՝ միգուցե բենզին բերեն»,- ասում է Արտակը։

Նա մինչև հիմա հաստատ չգիտի, թե ում հետ է կինը գնացել Հայկազովի բենզինի պահեստ։ Արտակը ենթադրում է, որ Նարինեն կարող էր այնտեղ գնալ մեկ այլ կնոջ՝ Արմինեի հետ, որը մինչ այդ նրա կողքին էր կանգնած։Պայթյունից հետո Արտակը զանգել է տուն, իմացել, որ կինը տուն չի վերադարձել։ «Մեքենայով իջել եմ «Մռակածի» բենզալցակայանը և տեսել, որ մարդ չկա․ այնտեղ հերթում սպասողները գնացել էին Հայկազով, 400-500 մարդ կար, համարյա բոլորը գնացել են։ Եկել եմ տուն, հարևաններից հարցուփորձ արել, հետո իջել պայթյունի տեղը։ Մտածում եմ, որ մյուսների հետ ինքն էլ այնտեղ իջած կլինի»,- պատմում է նա։

Արտակը կնոջը փնտրել է հիվանդանոցներում և դիահերձարանում, բայց չի գտել։ Նարինեի մահվան մասին նա իմացել է արդեն տեղահանությունից հետո՝ ծանոթ ոստիկանի ուղարկած լուսանկարներից։ Դրանցից մեկում Արտակը ճանաչել է կնոջ մարմինը, իսկ նրա գրպանում երեխաների լուսանկարներն էին։«Դիերը բերել են Ղափան, նկարներով մեկը նմանեցրել եմ իրեն, ոսկյա շղթա էր կրում, դրանից եմ ճանաչել։

Գնացել եմ Ղափան, տեղափոխել ու հուղարկավորել Աբովյանում»,- ասում է նա։Նարինեի գլուխն ամբողջությամբ այրվել էր, մինչդեռ մարմինը չէր վնասվել։ Արտակի խոսքով՝ կնոջ մոտ մնացած իրերը նույնպես գրեթե անվնաս էին։ Նրա մոտ էին երեխաների՝ անձնագրերի համար արված լուսանկարները, ամուսնու վարորդական վկայականն ու մեքենայի տեխզննման փաստաթուղթը։

Վարդանյաններն ապրում էին Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Գյուղի՝ 2020 թվականին Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո ընտանիքը տեղափոխվել էր Արտաշատ, իսկ Արտակի աշխատանքի անցնելուց հետո՝ Ստեփանակերտ։ Այնտեղ ընտանիքն անցել է նաև շրջափակման ամիսների միջով։ Արտակի մայրը մահացել էր տարիներ առաջ, երբ նա ժամկետային զինծառայող էր, հայրն էլ առողջական խնդիրներ ունի։

Այժմ Արտակն ու երեխաներն ապրում են Աբովյանում։ Երեխաներից ավագը 13 տարեկան է, փոքրը՝ 4։ Երեխաների խնամքի հարցում Արտակին օգնում են քույրերը։ Նրա խոսքով՝ երեխաներն աստիճանաբար հարմարվում են նոր միջավայրին, իսկ ինքը չի կարողանում մշտական աշխատանքի անցնել, քանի որ նրանց դպրոց և մանկապարտեզ է տանում։

«Հերթս մոտենում է, հացը դու կթխես»․ Արմենուհի Պապիկյանի վերջին խոսակցությունը դստեր հետ

Բենզինի պահեստի պայթյունից զոհված Արմենուհի Պապիկյանին Ստեփանակերտում գիտեին որպես առևտրական։ Նրա ամուսինը 2008 թվականին մահացել էր հիվանդությունից, և Արմենուհին միայնակ էր մեծացրել որդուն ու դստերը։ Արմենուհու աղջիկը՝ Լաուրան և մյուս հարազատները մինչև հիմա չեն կարողանում համակերպվել կորստի հետ։ Լաուրան պատմում է, որ մինչև հիմա մղձավանջներ է տեսնում։  Մայրը 1974 թվականին է ծնվել, պայթյունի պահին 49 տարեկան էր։ «Միշտ ասում էր՝ 50 տարեկան չեմ դառնալու, կարծես զգում էր․․․»,- ասում է աղջիկը։

Ընտանիքին Արցախից դուրս գալու համար վառելիք էր անհրաժեշտ, և դրանով զբաղվել էր Արմենուհին։ Լաուրան պատմում է, որ մայրը գնացել է Մռակածի բենզալցակայանը, այնտեղ հերթում էր, հետո մի պահ տուն է բարձրացել, հացի խմորն արել ու գնացել։ «Ասել է՝ թողնում եմ դու կթխես, հերթս մոտենում է։ Հացը թխել ենք, ժամը յոթն էր՝ չի վերադարձել, իջել եմ, որ տեսնեմ որտեղ է, տեսել, որ երկու հոգի ճչալով գնում են, թե բենզալցակայան է պայթել»,- պատմում է աղջիկը։

Արմենուհին սովորաբար հեռախոսը վերցնում էր իր հետ, սակայն այդ օրը թողել էր տանը, քանի որ մարտկոցը լիցքաթափվել էր։ Նա տնից դուրս էր եկել միայն անձրևանոցով։ Այդ պահից ընտանիքը չգիտեր՝ ուր և ում հետ է նա գնացել։ Լաուրան վազելով ոտքով հասել է «Տատիկ-պապիկի» բենզալցակայանը, քանի որ Հայկազովի տեղը չգիտեր, բայց, քանի որ մենակ էր, նորից հետ է վերադարձել Ստեփանակերտ ու սկսել հիվանդանոցներում փնտրել մորը։

Արմենուհու մահը ԴՆԹ հետազոտությամբ հաստատվել է տեղահանությունից երկու ամիս անց։ Հարազատներին հուղարկավորության համար փոխանցել են նրա ոտքերի՝ ծնկներից ներքև հատվածները։ Արմենուհու մայրը մինչ օրս պնդում է, որ ընտանիքին հանձնված մասունքներն իր դստերը չեն պատկանում։ Արմենուհու եղբայրը՝ Արմեն Մարտիրոսյանը, Արցախյան առաջին պատերազմում է զոհվել՝ 23 տարեկան հասակում։

Լաուրան ՌԴ-ում է ամուսնացել, եղբայրն ու տատիկն էլ իր մոտ են։ Նրա խոսքով՝ ընտանիքը մինչ օրս չի կարողանում համակերպվել Արմենուհու մահվան հետ։ Լաուրան Արցախի ղեկավարությանն է մեղադրում հայաթափման վերջին օրերի քաոսի ու դրա հետևանքով, իր գնահատմամբ, տեղի ունեցած պայթյունի մեջ։ Նրա ցանկությունն է, որ մեղավորներն անպայման պատժվեն ու զգան իրենց հարազատներին կորցրածների անտանելի ցավը։Արմենուհու մասունքները հուղարկավորել են Արտաշատում։ Լաուրայի խոսքով՝ մայրն այդ քաղաքը շատ էր հավանում և Ստեփանակերտում անցկացրած վերջին օրերին ասում էր, որ տեղահանությունից հետո ցանկանում է այնտեղ հաստատվել։

Աննման Յախշիբեկյանի մայրն էլ Արցախյան առաջին պատերազմի օրերին էր զոհվել

Հայկազովի պահեստի պայթյունից զոհված չորրորդ կինը 34-ամյա Աննման Յախշիբեկյանն էր, ում մայրը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի օրերին՝ Խնուշինակ գյուղի խաղողի այգիների ուղղությամբ արձակված կրակի հետևանքով։Աննմանի ամուսինը՝ Էրիկ Յախշիբեկյանը, պայմանագրային զինծառայող էր, սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ Մարտունու մոտակայքի դիրքերում էր։

Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է գյուղ և նեղ օրվա համար պահած 5 լիտր բենզինով ընտանիքին հասցրել Ստեփանակերտ։ Ադրբեջանական ուժերն արդեն գյուղին շատ մոտ էին։ Էրիկի խոսքով՝ չգիտեին, թե ինչ է լինելու, ու նա փորձել է հնարավորինս արագ ընտանիքին դուրս բերել այնտեղից։ Այդ պահին նա դեռ կարծում էր, որ մի քանի օրից կկարողանան վերադառնալ տուն։ Տնից վերցրել էին մի քանի կապոց շոր, երեխաների քնելու համար անհրաժեշտ անկողնային պարագաներ ու շարժվել դեպի Ստեփանակերտ։

Ընտանիքը «Մռակած» կոչվող բենզալցակայանի հերթում էր, երբ Էրիկը լսել է, որ Հայկազովում վառելիք են բաժանում։ Շատերի նման նրանք նույնպես շարժվել են Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի մոտ գտնվող զորամասի ուղղությամբ։ Մարդիկ այնքան շատ էին, որ մեքենան ստիպված էին մոտ երկու կիլոմետր հեռու թողնել և ոտքով շարունակել ճանապարհը։

«Ձեռքիս երկու հինգլիտրանոց տարա կար, Աննմանը ինչ-որ շիշ է վերցնում ու հետևիցս գալիս։ Նայեցի տեսա, որ էլի կանայք կան, որ քսան լիտրանոց տարաները բենզինով լցրած իջնում էին, մտածեցի` դե եկել, եկել է, լավ»,- հիշում է Էրիկը։ Այնտեղ համագյուղացու է հանդիպում, ով պարանով դույլն իջեցնում էր հողի մեջ թաղված խոշոր բաքը և հանում բենզինը։

«Տարբեր լյուկեր կային ու ամեն լյուկի մոտ հարյուրավոր մարդիկ։ Աննմանը կողքիս էր կանգնած, դատարկ շիշն ինձ էր տալիս, լիքը լցվածը կողք էր դնում։ Վերջինը՝ երրորդը լցնելու ընթացքում տեղի է ունենում պայթյունը։ Մարդկանց կեսը պանելների տակ են մնում, կեսը շպրտվում են, մի մասը այրված դուրս է վազում»,- վերհիշում է Էրիկը։

Էրիկը չի հասկացել, թե ինչից է պայթյունը տեղի ունեցել։ Պայթյունի ալիքը նրան 15-20 մետր հեռու է շպրտել։ Երբ ուշքի է եկել, ամբողջությամբ հողի մեջ էր, բայց վնասվածքներ չէր ստացել։ «Ուշքի գալուց հետո տեսա՝ շուրջբոլորս այրված մարդիկ վազում են, մի տարիքով տղամարդ Աննմանին հողից դուրս է հանում և մոտեցնում ինձ, անծանոթ մարդ էր։ Պետական համարներով շտապօգնության մեքենա կար մոտակայքում, առաջինը մենք ենք նստում, երկու այլ վիրավորի հետ հիվանդանոց հասնում»,- ասում է նա։

Աննմանին տեղափոխել են Ստեփանակերտի Մանկական հիվանդանոց։ Նրա մարմնի 80%-ն այրվածքներ էր ստացել, սակայն, ամուսնու խոսքով, վերքերը խորը չէին։ Կինը գիտակցության մեջ էր, կարողանում էր քայլել հիվանդասենյակում և նույնիսկ հեռախոսով խոսել երեխաների հետ։ Հաջորդ օրերին նրա վիճակը սկսել է վատթարանալ։«Բոլորի գլուխները հաջորդ օրը, անկախ նրանից, ինչքան է վառվել՝ քիչ է թե շատ, դեֆորմացվել էին, այտուցվել»,- հիշում է Էրիկը։

Սեպտեմբերի 27-ին Աննմանին ու պայթյունից մյուս տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են Երևան։ Էրիկի խոսքով՝ մինչ այդ կնոջ վիճակը համեմատաբար կայուն էր, իսկ Ստեփանակերտում անհրաժեշտ դեղամիջոցներ չկային։ Ընտանիքը հույս ուներ, որ Երևանում նրա վիճակը կբարելավվի։ Սակայն, ամուսնու խոսքով, Աննմանի արյունն արդեն վարակվել էր, և նրա վիճակն օրեցօր վատթարանում էր։ Նա մահացել է հոկտեմբերի 2-ին։

Աննմանը երեք երեխա ունի։ Ավագ դուստրը՝ Մելինեն, արտաքինով շատ նման է մորը։ Մյուս դուստրը՝ Վիկտորյան ու որդին՝ Ալբերտը, պատմում են Վանաձորում նոր դասարան հաճախելու, նոր շրջապատի մասին, բայց իրենց մոր մասին թանկ հիշողությունները, մտածումները նախընտրում են պահել թաքուն՝ հոգու խորքում։ Նրանց խնամում է Էրիկի մայրը՝ Իրա տատիկը, ով ասում է, որ թոռներն ուրիշների մոտ չեն խոսում այդ թեմաներով, բայց հաճախ են հիշում մորը, գյուղի դեպքերը։

Նրանք բնակվում են Վանաձորում՝ իրենց սեփական բնակարանում։ Աննմանի ամբողջական պատմությանը ծանոթացեք հետևյալ հղումով։

2023 թվականի սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունի պատճառների մասին մինչ օրս միանշանակ պատասխան չկա։ Անհետ կորածների ընտանիքները դեռ սպասում են իրենց հարազատներին, իսկ զոհերի ընտանիքների համար առանձին կարգավիճակ սահմանված չէ։ Պայթյունից հարյուրավոր մարդիկ նաև տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, որոնց մի մասը կորցրել է աշխատունակությունը։

Նյութում ներկայացված հարցազրույցներն անցկացվել են 2025 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։

Leave a Comment