Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետ, սակայն, նրա պնդմամբ, Ուկրաինան փորձել է հարվածներ հասցնել Մոսկվային և հարձակումներ է իրականացրել ընտրատեղամասերի ուղղությամբ։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը վերականգնել է Կիևի հարձակումների հետևանքով պատճառված վնասը, իսկ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատասխանն այնքան զգալի էր, որ Կիևը հրադադար է խնդրել։ Նա նաև հայտարարել է, որ Կիևը չունի «Գերան» անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոց։
«Կիևը պետք է հասկանա՝ ոչ մի սադրանք չի բարելավի նրա դիրքերը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան Սև ծովում վնասել է ավելի քան 100 նավ՝ ինչպես ռուսական, այնպես էլ օտարերկրյա դրոշներով։ Պուտինը նաև հայտարարել է, որ հենց Կիևն է սկսել հարձակումները քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, և այժմ պետք է զգա դրա հետևանքները։ Միաժամանակ՝ նա ասել է, որ Ռուսաստանը չի հասկանում, թե ինչու են հարձակումներ իրականացվել «Ozon»-ի և «Wildberries»-ի ուղղությամբ։
Պուտինը նշել է, որ խաղաղ կարգավորման վերաբերյալ բոլոր առաջարկները «սեղանին են», սակայն Ռուսաստանը դեռ պետք է մտածի, թե դրանցից որոնք են բխում իրենց շահերից։
Անդրադառնալով Եվրոպայի հետ հարաբերություններին՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ, քանի որ դրա համար «ոչ շարժառիթներ կան, ոչ էլ հիմքեր»։ Նա նաև մեղադրել է եվրոպական «ագրեսիվ շրջանակներին» Ուկրաինան Ռուսաստանի զարգացմանը խոչընդոտելու նպատակով որպես «թնդանոթի միս» օգտագործելու փորձի մեջ։ Պուտինի խոսքով՝ ԵՄ էլիտաները խաբում են եվրոպացիներին՝ շարունակելու համար ներդրումները «ագրեսիվ Ուկրաինայում»։
Պուտինը նաև «քաղաքական ծաղրածույություն» է անվանել Էստոնիայի պաշտպանության նախարարի հայտարարությունները, թե Ռուսաստանի դեմ կանխարգելիչ հարձակումը կարող է շահավետ լինել։ Նա «անհեթեթություն» է անվանել նաև Բալթյան երկրներում ռուսաստանցիների՝ քաղաքացիություն չունենալու փաստը և նշել, որ Ռուսաստանը գիտի՝ այնտեղ ռուսախոսների իրավունքները խախտվում են, սակայն արձագանքում է հիմնականում մարդասիրական ոլորտում։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններին՝ Պուտինը հայտարարել է, որ չի «խանդում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ ընդգծելով, որ քաղաքականության մեջ նման կատեգորիա կիրառելի չէ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ազդեցություն կունենան ամբողջ աշխարհի վրա։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններն այժմ գրեթե զրոյական մակարդակի վրա են։ Նա նաև ասել է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովին իր մասնակցությունը կախված կլինի Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, միաժամանակ ընդգծելով, որ այդ գագաթնաժողովն ու հարթակում աշխատանքը օգտակար են։
