Բաքուն պատա՞նդ է պահում հայ-թուրքական հարաբերությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաքուն պատա՞նդ է պահում հայ-թուրքական հարաբերությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թեև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ դեռ չեն հաստատվել, սակայն շարունակվում է բարձր մակարդակի երկխոսությունը։

Փաշինյան-Էրդողան վերջին հանդիպումը ևս մեկ անգամ առաջին պլան բերեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանների և հաղորդակցության ուղիների բացման հարցերը։

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի գնահատմամբ՝ հայ-թուրքական հարաբերությունների օրակարգի զգալի մասն ուղղակիորեն կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ․

«Հայ-թուրքական հարաբերությունները և այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց 50 պլյուս տոկոսը կապված է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ՝ սկսած փակ սահմանից, որ մենք ունենք Թուրքիայի հետ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունից և ընդհանուր իրավիճակից»։

Այս տրամաբանության մեջ առանցքային հարցը շարունակում է մնալ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը։ Մելիքսեթյանի խոսքով՝ Թուրքիայի համար այդ հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մինչ այժմ ունեցել է էական նշանակություն․

«Մինչ այժմ թուրքական կողմը և առաջին հերթին, իհարկե, Թուրքիայի նախագահի գործոնով պայմանավորված, համաձայնվում է այդ տեսակետի և Բաքվի այդ դիրքորոշման հետ, թեև թուրքական էլիտաներում և դիվանագիտական հանրույթում կան նաև հակադարձ կարծիքներ»։

Հայ-թուրքական փակ սահմանը, ըստ քաղաքագետի, Բաքվի համար կարևոր լծակ է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը զգուշությամբ է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած առաջընթացի, որը կարող է զարգանալ առանձին տրամաբանությամբ։

Ըստ Մելիքսեթյանի՝ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունները չպետք է ամբողջությամբ պայմանավորի Ադրբեջանի օրակարգով։

Այստեղ, ըստ քաղաքագետի, Թուրքիան կարող է կանգնել երկընտրանքի առաջ՝ շարունակե՞լ հայ-ադրբեջանական կարգավորման հետ կապակցված քաղաքականությունը, թե՞ աստիճանաբար առաջ մղել նաև Հայաստանի հետ սեփական երկկողմ օրակարգը․

«Թուրքական, օրինակ, դիվանագիտական, փորձագիտական դաշտում դուք կարող եք տեսնել նաև հակառակ կարծիքը, և նաև կա մտավախություն, որ, այսպես ասած, հետևելով Ադրբեջանի առաջնահերթություններին և տեսակետներին տարածաշրջանային քաղաքականությունում՝ Թուրքիան կարող է պատմական շանսը բաց թողնել՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները»։

Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի հաղորդակցությունների ապաշրջափակման թեման։

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է սահմանների և տրանսպորտային կապերի բացմանը։ Քննարկվող հնարավոր ուղղություններից են Մարգարայի ճանապարհային անցակետը, ինչպես նաև երկաթուղային կապի վերականգնումը Գյումրի-Կարս ուղղությամբ։

Ըստ Մելիքսեթյանի՝ հենց հաղորդակցության վերականգնումն է եղել հայ-թուրքական բարձր մակարդակի քննարկումների առաջնային թեմաներից մեկը։

Այս գործընթացների համատեքստում առանձին կարևորություն է ստանում նաև TRIPP-ը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նախատեսվող նախագիծը։

Մելիքսեթյանի գնահատմամբ՝ դրա իրականացումը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հաղորդակցությունների վրա․

«TRIPP-ը կարող է օգնել նաև մասնակի՝ հայ-թուրքական սահմանի դեբլոկադային, կոմունիկացիաներին»։

Այսպիսով, տարածաշրջանային տրանսպորտային նոր համակարգի ձևավորումը կարող է փոխել նաև այն հաշվարկները, որոնց շրջանակում այսօր դիտարկվում է հայ-թուրքական սահմանը։

Մելիքսեթյանի խոսքով՝ առաջիկա ամիսները կարող են ավելի հստակ ցույց տալ, թե քաղաքական պայմանավորվածությունները որքան արագ են վերածվելու ենթակառուցվածքային իրական քայլերի․

«Մեզ բավականին քիչ ժամանակ է մնացել արդեն հասկանալու՝ ինչ է լինելու, հա՞, այսինքն՝ այս տարվա վերջը և մյուս տարվա սկիզբը հատկապես դիտարկվում են այն ժամանակահատվածը, որտեղ կսկսեն պրակտիկ շինարարությունը, առաջին հերթին՝ երկաթուղային կոմունիկացիաների»։

Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր առաջընթացը, ըստ քաղաքագետի, չի նշանակում, որ Անկարա-Բաքու կապի գործոնը կորցնում է իր նշանակությունը։

Ընդհակառակը՝ Ադրբեջանի արձագանքները հայ-թուրքական շփումների ակտիվացմանը ցույց են տվել, որ Բաքուն զգայուն է այդ հարաբերությունների ինքնուրույն զարգացման նկատմամբ․

«Ադրբեջանական էլիտաների մոտ կան իսկապես մտավախություններ, որ Թուրքիան միշտ չի լինելու այսպիսի լոյալ և կարող է զարգացնել առանձին հայ-թուրքական, այսպես ասած, հարաբերությունները և TRIPP-ը»։

Այս դիտարկմամբ՝ Բաքվի համար կարևոր է ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը, այլև այն, թե այդ գործընթացում որքան մեծ դեր է ստանձնում Անկարան։

Մելիքսեթյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը նախընտրում է, որ կարգավորման գործընթացի հիմնական նախաձեռնությունը և լծակները մնան իր ձեռքում, այլ ոչ թե Թուրքիայի․

«Ինքը դիտարկում է, որ այդ դեպքում Հայաստանի, այսպես ասած, պահվածքը, վարքագիծն ավելի կանխատեսելի է, և ինքն ավելի շատ լծակներ ունի ավելի շահավետ լուծումներ ստանալու կամ իրավիճակում գտնվելու»։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը կարևոր է համարում նաև Թուրքիայի ներսում տեղի ունեցող հասարակական փոփոխությունները։

Նրա գնահատմամբ՝ թուրքական հասարակության և տարբեր քաղաքական ու փորձագիտական շրջանակների մոտ հայ-թուրքական հարաբերությունների պատմական բեռի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և դրանք երկարաժամկետ հեռանկարում կարող են ազդեցություն ունենալ Անկարայի քաղաքականության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Leave a Comment