Դատարանը 2 ամսով կալանավորել է «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», Armenia Today-ին հաստատել են Քրեական դատարանից։
Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը սեպտեմբերի 23-ին հայտնել էր, որ ձերբակալել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձի։ Երկրորդ ձերբակալվածի վերաբերյալ դատարանը դեռ որոշում չի կայացրել։
ՆԳՆ-ի տվյալներով՝ Գյումրիում հաշվառված 58-ամյա «օրենքով գողը», տեղեկանալով, որ նախկին փեսան վիճաբանել է դստեր հետ, սեպտեմբերի 21-ին դիմել էր նույն կարգավիճակն ունեցող Օշականի 56-ամյա բնակչին՝ նախկին փեսային պատժելու համար։
Նույն օրը՝ ժամը 02։40-ի սահմաններում, Օշականի բնակիչը մի խումբ անձանց հետ գնացել էր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոց՝ նախկին փեսայից պարզաբանումներ ստանալու նպատակով։
Ըստ ՆԳՆ-ի՝ այնտեղ նրանք վիճաբանել էին նախկին փեսայի և նրա հետ գտնվող անձանց հետ, միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել։ Ապա նախկին փեսան մի խումբ անձանց հետ գնացել էր նախկին աներոջից հաշվեհարդար տեսնելու, սակայն ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չէր հասցրել։
Սողոյանը նախկինում ևս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականին Armenia Today-ը հայտնել էր, որ Սողոյանը կալանավորվել էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունենալու հետ կապված գործով։ 2021 թվականի նոյեմբերին նա կրկին բերման էր ենթարկվել քրեական ենթամշակույթի դեմ ուղղված ոստիկանական գործողության շրջանակում։
