ՀՀ քաղաքացիների 80%-ը դեմ է Տիգրանաշենի հնարավոր փոխանցմանը Ադրբեջանին. հարցում

Հայաստանի բնակիչների մեծամասնությունը դեմ է Տիգրանաշենը Ադրբեջանին փոխանցելուն և ռուսական 102-րդ ռազմաբազան երկրից դուրս բերելուն։ Այս մասին վկայում են MPG/Gallup International Association-ի՝ սեպտեմբերի 22-24-ը Հայաստանում անցկացված հեռախոսային հարցման արդյունքները։ Հարցմանը մասնակցել է 1001 մարդ։

Տիգրանաշենի վերաբերյալ հարցվածների 59%-ը նշել է, որ այն հայկական բնակավայր է, և ՀՀ իշխանություններն իրավունք չունեն այն փոխանցելու Ադրբեջանին։ Եվս 21%-ը Տիգրանաշենը համարել է ռազմավարական նշանակություն ունեցող տարածք՝ նշելով, որ դրա փոխանցումը Հայաստանի համար անվտանգության ռիսկեր կստեղծի։

Հարցվածների 6,4%-ը նշել է, որ Տիգրանաշենը հայկական տարածք չէ և պետք է փոխանցվի Ադրբեջանին, 3,5%-ն այլ կարծիք է հայտնել, իսկ 10,1%-ը դժվարացել է պատասխանել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Տիգրանաշենը և մյուս անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը, նրա խոսքով, մտնում է։

ՀՀ հարցված քաղաքացիների 64,4%-ը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում։

Ռուսական 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ հարցվածների 39,7%-ը նշել է, որ այն անհրաժեշտ է Հայաստանի անվտանգության ապահովման համար։ Եվս 24,7%-ը կարծում է, որ բազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն։

Ռազմաբազան Հայաստանից դուրս բերելուն կողմ է արտահայտվել հարցվածների 28,9%-ը, իսկ 6,8%-ը դժվարացել է պատասխանել։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի 102-րդ ռազմաբազան դուրս բերել երկրից։ Սեպտեմբերի 17-ի ճեպազրույցում Փաշինյանը պարզաբանել էր, որ այդ ռազմաբազան Հայաստանին անհրաժեշտ չէ, իսկ դրա ներկայությունը երկրի անվտանգությանը «ոչինչ չի ավելացնում»։

Ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրիում տեղակայված է 1995 թվականից։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը կնքել են 25 տարով, իսկ 2010 թվականին դրա գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2044 թվականը։

Leave a Comment