Դևդորակի կիրճում երթևեկության սահմանափակումը հանվել է, հայտնել է վրացական News.ge-ն՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ը ևս հաստատել է երթևեկության վերականգնումը։
Գերատեսչության տվյալներով՝ Վլադիկավկազ-Լարս հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը երկու ուղղություններով բացվել է ժամը 11:00-ից։
Սեպտեմբերի 25-ի առավոտյան Դևդորակի կիրճում գործել էր վաղ նախազգուշացման համակարգի ահազանգը։ Համակարգը հետևում է գետի հունի փոփոխություններին և արձագանքում ջրի մակարդակի նույնիսկ աննշան բարձրացմանը։
Ահազանգից հետո «Դարյալ» անցակետից տարհանվել էին այնտեղ գտնվող քաղաքացիները, ինչպես նաև պարեկային ոստիկանության, մաքսային և սահմանապահ ծառայությունների ու մասնավոր ընկերության աշխատակիցները։
Դրա պատճառով «Վերին Լարս»-«Դարյալ» անցակետով Վրաստանի և Ռուսաստանի միջև երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր։
Նմանատիպ ահազանգ Դևդորակի կիրճում ստացվել էր օգոստոսի 13-ին, երբ երթևեկությունը դադարեցվել էր մի քանի ժամով։
