Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի գլխավոր շտաբների պետերը հրատապ հանդիպում կանցկացնեն՝ հութիների հարձակումների ֆոնին Սաուդյան Արաբիային աջակցելու ուղիները քննարկելու համար, հայտնել է Reuters-ը։
Երեք երկրների արտգործնախարարները Նյու Յորքում դատապարտել են Մեքքայի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի քաղաքացիական և տնտեսական օբյեկտների դեմ հարձակումները։ Նախարարները վերահաստատել են Սաուդյան Արաբիայի՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ինքնապաշտպանության իրավունքը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Մեքքայի համաձայնագրի գլխավոր քարտուղարության, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի ստեղծման ընթացքը։
Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են «Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագիրը»։ Օգոստոսի 31-ին երեք երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները անցկացրել են համաձայնագրով ստեղծված Ռազմավարական քաղաքական և պաշտպանական կոմիտեի առաջին նիստը։
Հութիները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հարձակումներ են իրականացրել սեպտեմբերի 14-ին, 19-ին և 24-ին։ Հարձակումների հետևանքով վիրավորվել է 13 մարդ, վնասվել են բնակելի տներ և ավտոմեքենաներ։
