Հարցվածների 59% նշել է, որ Տիգրանաշենը հայկական բնակավայր, է և Հայաստանի իշխանությունները իրավունք չունեն այն փոխանցել Ադրբեջանին։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ Նա նշեց, որ հարցումն անց է կացվել սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում։
«21% նշել է, որ Տիգրանաշենը ունի ռազմավարական նշանակություն, և դրա փոխանցումը Ադրբեջանին կարող է Հայաստանի համար ստեղծել անվտանգային և ռազմավարական ռիսկեր։ Եվ միայն 6.4% է նշվել, որ Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության չպատկանող տարածք է և պետք է փոխանցվի Ադրբեջանին։
3.5%–ը այլ կարծիքներ են նշել, և 10.1 տոկոսը դժվարացել է պատասխանել»,-ասաց նա։
Քաղաքացիներին նաև խնդրել են իրենց կարծիքը հայտնել ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցի շուրջ։
«Հարցվածների 39,7%-ը նշել է, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան անհրաժեշտ է Հայաստանին՝ երկրի անվտանգության ապահովման համար: 24,7%-ը նշել է, որ ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, սակայն դրա տեղակայման պայմանները պետք է վերանայվեն: Այսինքն՝ հարցվածների մոտ 55%-ը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում, իսկ 28.9%-ը նշել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր 102-րդ ռազմաբազան Հայաստանից։ Հարցին դժվարացել է պատասխանել 6,8%-ը»,- նշեց Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործում է Տիգրանաշենի ադրբեջանական՝ Քյարքի անվանումը՝ հայտարարելով, որ այն Հայաստանի Հանրապետության տարածքը չի հանդիսանում և ակնարկել, որ այն սահմանազատման արդյունքում կարող է փոխանցվել Ադրբեջանին։
Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր՝ եթե Հայաստանը ցանկանա, Ռուսաստանը կարող է Հայաստանից դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան: