Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը նվազելու է, հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 25-ի ցերեկը ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։ Սուրենյանը նշել է, որ արևադարձային տաք օդի ալիքն աստիճանաբար նահանջում է դեպի հարավ և դուրս գալիս Հայաստանի տարածքից։
Ջերմաստիճանի հաջորդ նվազումը սպասվում է սեպտեմբերի 28-29-ին․ հանրապետության ամբողջ տարածքում այն կնվազի ևս 4-5 աստիճանով։
Սեպտեմբերի 25-26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ են հնարավոր Գեղարքունիքի և Վայոց ձորի առանձին հատվածներում։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան արևմուտքից Հայաստան կներթափանցի տեղումներ բերող ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ի երեկոյան, ինչպես նաև սեպտեմբերի 29-30-ը ժամանակ առ ժամանակ Երևանում և շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։
Սուրենյանը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 23-24-ին Հայաստանում բարձր ջերմային ֆոն է գրանցվել։ Մի շարք շրջաններում ցերեկային առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևէ դիտված պատմական առավելագույն արժեքները։
Այդ օրերին, նրա խոսքով, միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր էր 5-7 աստիճանով, ինչը համարվում է անոմալ տաք եղանակ։
