31%-ը հավանություն է տալիս Փաշինյանի աշխատանքին, 29.3% ը ընդհանրապես հավանություն չի տալիս. Նավասարդյան

«GALLUP International Association»-ի` Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց սեպտեմբերի 22-24-ն իրականացված հարցման արդյունքները:

Քաղաքացիներին տրված հարցին՝ Ձեր կարծիքով 2026-ի ԱԺ ընտրությունները անցկացվել են արդա՞ր, թե կեղծիքներով, հարցման մասնակիցների 29.6%-ը նշել է՝ լիովին արդար, 23.1%-ը նշել է՝ ավելի շուտ արդար։ Ընդհանուր առմամբ մոտ 53-54%-ը համարել է, որ ընտրություններն արդար են անցկացվել։

«Մյուս կողմից 21%-ը նշել է, որ ընտրություններն անցել են ավելի շուտ ընտրակեղծիքներով, իսկ 18.4%-ը նշել է՝  մեծաքանակ ընտրակեղծիքներով։ Այսինքն՝ մոտ 40%-ը կարծում է, որ ընտրությունները անցկացվել են որոշ չափի կամ մեծածավալ կեղծիքներով։

Այս մարդկանց, ովքեր նշել են, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, մենք խնդրել ենք պատասխանել, թե ում կողմից են այդ կեղծիքները իրականացվել։

Այդ անձանց 39.8 տոկոսը նշել է, որ իշխանության կողմից են կեղծիքները իրականացվել, 33.8% -ը նշել է՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։ 12.7% -ը նշել է, որ միայն ընդդիմության կողմից են իրականացվել կեղծիքները։

3.3%–ը նշել է այլ ուժեր, իսկ 10.4%–ը դժվարացել է պատասխանել այս հարցին»,–նշեց Արամ Նավասարդյանը։

Մեկ այլ հարցի՝ ինչպե՞ս կգնահատեք գործող ԱԺ-ի գործունեությունը նախորդ գումարման ԱԺ-ի հետ համեմատած, 7.9%-ը նշել է՝ շատ ավելի լավ, 19.8% նշել է՝ ավելի շուտ լավ։

«Այսինքն մոտ 26% -ը դրական է գնահատում ԱԺ-ի աշխատանքը։  32.8%–ը նշել է, որ նույնն է, ինչ նախորդը, այսինքն՝ բովանդակային առումով բան չի փոխվել, 11.3% նշել է՝ ավելի շուտ վատ, 21.4% նշել է՝ շատ ավելի վատ։ 6.9%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- ասաց բանախոսը։

Քաղաքացիներին տրվել է նաև հետևյալ հարցը՝ որքանո՞վ եք հավանություն տալիս ներքոշարադրյալ ինստիտուտների գործունեությանը.

ՀՀ կառավարությանը 25.1% -ն է միանշանակ հավանություն տալիս, 30.8% -ը ավելի շուտ հավանություն է տալիս։ 10.8% -ը ավելի շուտ հավանականություն չի տալիս և 29.1%–ը՝ ընդհանրապես հավանականություն չի տալիս։ Դժվարացել է պատասխանել 4.3% -ը։

Ինչ վերաբերում է ՀՀ Ազգային ժողովին, ապա 16.8% -ը նշել է, որ միանշանակ հավանություն է տալիս, 24.7%–ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս, 14.5%-ն էլ նշել է, որ ավելի շուտ հավանություն չի տալիս։ Իսկ ահա 37.5% -ը նշել է, որ ընդհանրապես հավանություն չի տալիս։

«ՀՀ նախագահի դեպքում 18.6%–ը միանշանակ հավանություն է տալիս նրա աշխատանքին, 20%–ը ավելի շուտ հավանություն է տալիս։ 29.1% ընդհանրապես հավանություն չի տալիս, բայց այստեղ կա շատ կարևոր ցուցանիշ՝ 23.7% դժվարանում է պատասխանել։

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա հարցվածների 31%-ը միանշանակ հավանություն է տալիս նրա աշխատանքին, 22%-ը ավելի շուտ հավանություն է տալիս, 10.9%-ը ավելի շուտ հավանություն չի տալիս և 29.3%-ն ընդհանրապես հավանություն չի տալիս»,–նշեց Արամ Նավասարդյանը։

Leave a Comment