
Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ «Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց վերջին հայտարարություններին՝ Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունների վերաբերյալ։ Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցությունը»,- նշել է Շևցովը։ Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների հնարավորության մասին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն ասել է, որ «կողմերը չեն հերքում, որ այս պահին մատակարարումը դժվար է իրականացնել․ անհրաժեշտ է նոր գազատարի կառուցում»։ «Իսկ դա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերի և կայուն պահանջարկի առկայության դեպքում»,- հավելել է պաշտոնյան: