Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել զինծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ, հայտնել է ՄԻՊ գրասենյակը։
Նշվում է, ահազանգից հետո ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՊՆ N զորամաս՝ դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։
Այցի ընթացքում նրանք առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների, այդ թվում՝ այն զինծառայողի հետ, որի նկատմամբ ենթադրյալ բռնության և վատ վերաբերմունքի վերաբերյալ ահազանգ էր ստացվել։ Առանձնազրույցների բովանդակությունը ՄԻՊ-ը չի հրապարակել՝ շեշտելով դրա խորհրդապահական բնույթի մասին։
ՄԻՊ-ն ընդգծել է, որ Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է, իսկ նման դեպքերի վերաբերյալ տեղեկությունները պետք է պատշաճ և բազմակողմանի քննության արժանանան։
Պաշտպանը նաև իրավասու մարմիններից պահանջել է նման դեպքերում անցկացնել պատշաճ ներքին ուսումնասիրություն, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում՝ արդյունավետ քննություն քրեական վարույթի շրջանակում։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ վատ վերաբերմունքի կանխարգելման համար կարևոր են դեպքերի պատշաճ քննությունն ու պատասխանատվության անխուսափելիությունը։
ՄԻՊ-ի հաղորդագրությունը ԶՈւ-ում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան շարունակական դեպքերի ֆոնին է։
