Մարտի 1-ի գործով դատավոր Սարգիս Պետրոսյանը մերժել է ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Դատական նիստի ուղիղ հեռարձակումն՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու դատախազի միջնորդությունը։
Պաշտպանական կողմը նախորդ` սեպտեմբերի 18-ի նիստում, միջնորդել էր դադարեցնել Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը՝ վկայակոչելով ՀԱՊԿ-ի իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի համաձայնագրով գլխավոր քարտուղարին վերապահված անձեռնմխելիությունը։
Դատարանը մերժել է միջնորդությունը՝ պարզաբանելով, որ համաձայնագրի 11-րդ հոդվածը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին համընդհանուր անձնական անձեռնմխելիություն չի տրամադրում կազմակերպության անդամ բոլոր պետությունների տարածքներում։ Նա հավելել է, որ եթե Հայաստանը համարվեր ՀԱՊԿ քարտուղարության գտնվելու պետություն, ապա Խաչատուրովը, որպես ՀՀ քաղաքացի, չէր կարող օգտվել այդ հոդվածով նախատեսված անձեռնմխելիությունից։ Իսկ եթե Հայաստանը չէր համարվում քարտուղարության գտնվելու պետություն, ապա այդ հոդվածով նախատեսված անձեռնմխելիությունն ընդհանրապես չէր տարածվի Հայաստանի տարածքում՝ Խաչատուրովի նկատմամբ։
Այսօրվա նիստում դատախազը միջնորդել էր Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել բացակայելու արգելքը։ Պաշտպանական կողմն առարկել է միջնորդությանը։
Օհանյանը, մասնավորապես, հայտարարել է, որ 2018 թվականից ի վեր դատավարական գործընթացների ընթացքում իր կողմից որևէ խախտում չի գրանցվել։ Նա նշել է, որ այլ քրեական գործերով իր նկատմամբ արդեն երկու խափանման միջոց է կիրառված, այդ թվում՝ բացակայելու արգելք, և նոր խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Որևէ նոր հանգամանք չկա, որ մենք կարող ենք խոչընդոտել այս գործընթացին»,- ասել է Օհանյանը՝ խնդրելով մերժել դատախազի միջնորդությունը։
Պետրոսյանը մերժել է Օհանյանի, Գևորգյանի և Խաչատուրովի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը՝ նշելով, որ նրանց նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չի տեսնում։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրյալները պատշաճ կատարել են իրենց վրա դրված դատավարական պարտականությունները։
Դատական նիստը հետաձգվել է և կշարունակվի հոկտեմբերի 13-ին։
2021 թվականի ապրիլին դատարանը Մարտի 1-ի գործով դադարեցրել էր Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՔՕ 300.1-րդ հոդվածով և արդարացրել նրան՝ Սահմանադրական դատարանի կողմից այդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո։
2024 թվականի սեպտեմբերին Վճռաբեկ դատարանը բեկանել էր ստորադաս դատարանների որոշումները և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Դատախազը հայտարարել էր, որ գործը քննվելու է զրոյից, իսկ մեղսագրվող արարքների իրավական որակումները փոխվելու են։ Ավելի ուշ Քոչարյանին և Խաչատուրովին նոր մեղադրանքներ էին առաջադրվել։
